Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/100

Այս էջը սրբագրված է

ռուս բանակի հաղթական շարժման և մերձավոր թուրքահայերի կացության մասին։

Հայեր ենք. կարճ խոսել չգիտենք, ուստի մեր «շտապ» զրույցն ու վիճաբանություները տևեցին մինչև ուշ գիշեր։

Հազիվ պառկել էինք, երբ ամեն կողմից լսվեց շների ոռնոց։ Մի բան, որին չեն դիմանում իմ ներվերը մանկությունիցս սկսած։

Առավոտյան այցելության եկան նախկին դերասան և այժմ պահեստի պրապորշչիկ Շահխաթունին։ Նա հայտնեց մեզ, թե գեներալ Օգանովսկին պատրաստ է մեզ ընդունելու, երբ կամենանք։ Հարկավ, շտապեցինք օգտվել հրավերից, քանի որ շատ բան էր կախված գեներալի ընդունելությունից։

Բարեբախտաբար, Իգդիրում կառքեր կային, այլապես չգիտեմ ինչպես պետք է անցնեինք մի արշին ցեխով ծածկված փողոցները։ Քսանուչորս տարի առաջ ամառվա վերջերին ես մի անգամ եղել էի Իգդիրում և նրա ընդարձակ ծառազարդ փողոցներն ինձ վրա լավ տպավորություն էին թողել։ Այս անգամ ես հիասթափվեցի։

Ընդունելությունը գեներալ Օգանովսկու կողմից եղավ սիրալիր։ Դա մի բարեհամբույր, կայտառ և եռանդուն ծերունի էր, որի աշխատասիրության մասին նրա ստորադրյալները խոսում էին հիացմամբ։ Նա գիտե իր դիմացին ի մեջ զարթեցնել համակրանք դեպի իր անձնավորությունը իր խելացի, մարդասեր դատողություններով։ Շատ ուրախացավ, երբ իմացավ, թե ինչ նպատակով ենք պատերազմի դաշտը գնում, խոստացավ իր աջակցությունը և իսկույն կարգադրեց, որ թիկնապահ Շահխաթունին ուղեկցի մեզ մինչև Արծափ՝ տասը կազակների հետ։

Խոսք բացվեց մեր կամավորների վերաբերմամբ։ Հարկավոր էր իմանալ հեղինակավոր զինվորականի կարծի որ հայի զինվորական ձիրքի մասին։

— Գիտե՞ք,— ասաց գեներալը, ժպտալով, — պատերազմի դաշտում առաջնության դափնին պատկանում է, իհարկե, կանոնավոր զորքին և առանձնապես հետևակ զորքին։ Այնտեղ կան գիտություն, կարգապահություն, փորձառություն։