Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/101

Այս էջը սրբագրված է

վերջապես թնդանոթներ, գնդացիրներ և այլն։ Դրանցով է, որ մենք պետք է հաղթենք մեր թշնամուն։ Ինչ վերաբերվում է կամավորներին, նրանք ևս ունեն իրենց դերը, որ, իհարկե, նույնպես կարևոր է։ Այդ դերն է գլխավորապես երկրի հետազոտությունը և թշնամու դիրքերի որոշումը։ Այս տեսակետից ահա ես գնահատում եմ հայ կամավորական խմբերի մասնակցությունը. նրանք ճանաչում են թշնամի երկրի բոլոր անկյունները, գիտեն լեզու, ծանոթ են տեղական պայմաններին։ Ես առանձնապես գնահատում եմ Անդրանիկին իբրև ամենից ավելի փորձառու խմբապետի։ Եթե մեզ հարկավոր լինի արշավել դեպի Վան, անկասկած նա կկատարի որոշ դեր։

Խոսակցության ամբողջ ժամանակ ներկա էր և զորաբանակի շտաբի գլխավոր գեներալ Լ․-ն։ Նա ոչինչ չասաց և մնաց լուռ մինչև վերջը։ Միայն նրա սառը դեմքն արտահայտում էր ինչ-որ տարակուսանք, որ համենայն դեպս խրախուսիչ չէր մեզ համար և մեզ ևս տարակուսանքի մեջ էր գցում... Ինձ համար պարզ է, որ այդ մարդը մտքում արհամարում է մեր կամավորական խմբերը։

Վերադարձանք մեր ժամանակավոր կացարանը և կես ժամ անցած ընդունեցինք գեներալ Օ․- կու փոխայցելությունը։ Այս անգամ խոսակցությունն ավելի մտերմական եղավ։ ՈՒրախ եմ շեշտել, որ մեր եպիսկոպոսները, չնայելով իրանց անփորձությանը, կարողացան բավական քաղաքագիտական տակտ ցույց տալ և, կարծես, գրավեցին գեներալի հավատն ու համակրանքը։ Այդ էլ մի բան է։

— Ես հայերին համակրում եմ անկեղծ,— ասաց ի միջի այլոց գեներալը,— կփափագեի, որ այս անգամ ձեր թուրքահայ եղբայրների խնդիրը վերջապես լուծվեր։ Գիտե՞ք, իմ արյան մեջ էլ մի քիչ «Կարապետ» կա։

Երեկոյան մեզ հրավիրեցին այցելել հայ կամավորների կացարանը։

Այնտեղ մենք տեսանք մոտ հարյուր հոգի, որ պիտի շուտով գնային մեր խմբերից մեկին միանալու։ Կային անբեղ, անմորուս ուսանողներ, կային կյանքի դառնությունները