փորձած արհեստավորներ ու բանվորներ։ Կային անձինք, որ առաջին անգամը չէր, որ գնում էին պատերազմի դաշտը։ Դրանք նախկին զինվորներ էին։ Տեսա երկար ու սև մորուքով մեկին, որի կուրծքը զարդարված էր մի քանի շքանշաններով։
— Ե՞րբ է ստացել նա այդ շքանշանները,— հարցրի ես մեզ ուղեկցողներից մեկին։
— Ռուս -ճապոնական պատերազմի ժամանակ։
— Իսկ այն մյո՞ւսը։
— Նա նույնպես։
Տեսա մի հաղթանդամ ռուս երիտասարդ, որ հասակով ամենից բարձր էր։ Ճանաչեցի։ Դա բավական հայտնի օպերետային երգիչ Վոլգինն էր։ Նա արդեն եղել էր պատերազմի դաշտում Ավստրիայի կողմերում և այժմ եկել մտել է հայ կամավորների շարքը։
— Ի՞նչն է բերել ձեզ այստեղ, — հարցրի ես ռուսին։
— Գաղափարը։ Փափագում եմ ծառայել մի փոքրիկ տառապյալ ժողովրդի ազատության գործին։
Այնտեղ էր նաև ուսանողուհի օր. Սաթենիկ Պողոսյանը կամավորի զգեստով, բայց թևին կապած սանիտարի ժապավեն։
Դա մեկն էր գթության այն քույրերից, որոնք մի ամիս անցած պիտի անակնկալ ընկնեին թուրքերի ձեռքը Սաթիղամիշի մոտ №2֊րդ սանիտարական գնացքի հետ և ազատվեին մի քանի օր կյանքի և մահու մեջ տառապելուց հետո։
— Գնում եմ կարողությանս չափ տառապյալների ցավը թեթևացնելու,— ասում էր համեստ օրիորդը,— երջանիկ կլինեմ, եթե կարողանամ գոնե մի վիրավորի վերքը կապել։
Տարբեր լեզվով էին խոսում նրա ուսանողական ընկերուհիներ Եվգինե և Մարիա Ռախմանովաները։ Դրանցից մեկն օրիորդ էր, մյուսը տիկին, որ գնում էր իր ամուսնու՝ Կարպ Սերգեևիչ Ռախմանովի հետ։ Նրանք ուղղակի ասում էին, թե գնում են կռվելու ինչպես հասարակ զինվորներ։ Եվ անչափ վշտացած էին, որ գեներալ Օգանովսկին թույլտվություն չի տալիս նրանց գնալու իբրև զինվորներ։ Նրանք խնդրում էին