Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/103

Այս էջը սրբագրված է

մեր միջամտությունը, բայց մենք ևս անհարմար էինք համարում նրանց գնալը։

Մենք որոշել ենք գնալ և անպատճառ գնալու ենք,— ասում էին նրանք գրականորեն,— թեկուզ ձերբակալեն մեզ։

Արդարև երեք շաբաթ անցած, երբ մենք վերադառնում էինք Ալաշկերտի հովտից՝ նրանց հանդիպեցինք Ղարա—Քիլիսեում կամավորների նույն խմբի հետ։ Նրանք եկել էին այնտեղ ոտքով՝ անցնելով մոտ հարյուր երեսուն վերստ ճանապարհ ձյունապատ լեռներով և ձորերով։ Եվ դարձյալ ոգևվորված էին, առողջ, կայտառ և անհամբեր ձգտում էին դեպի պատերազմի վայրերը։ Եվ նրանց ոգևորությունը միանգամայն անկեղծ էր, միանգամայն զուրկ կանացի սեթևեթությունից։ Ահա ինչու անհնարին, նույնիսկ մեղք էր դիմադրել նրանց վեհ ցանկությանը և, կարծեմ, այլևս ոչ ոք չէր դիմադրում։

Իսկ մեզ մնում էր միայն հիանալ ռուս կնոջ հոգու կորովով և սրտի ընդարձակությամբ։

II

Իգդիրում մնացինք երկու գիշեր։ Նոյեմբերի 19-ին հազիվ զարթնել էինք, երբ եկավ Շահխաթունին՝ մեզ ավետելու, թե գեներալը անթել հեռագրով լուր է ստացել, որ Անդրանիկի հարյուրյակներից մեկն երկարատև ճակատամարտից հետո կարողացել է փառավորապես գրավել Ղոթուր անունով ինչ-որ կարևոր դիրք թուրք-պարսկական սահմանում, սպանել ու վիրավորել է մոտ հարյուր թուրք ու քրդեր և վերցրել է 200—ից ավելի գերիներ։

Երկինքը պարզվել էր։ Ուշ աշնանային պայծառ արեգակը մեզ տրամադրում էր շուտով ճանապարհ ընկնելու։ Վախենում էինք եղանակը վատանա, և մենք լեռներում ընկնեինք բուք ու բորանի բերանը։

Նախընթաց երեկո խնդրել էինք, որ մեզ համար գնվեն ինը ձի, յոթը հեծնելու, երկուսը բեռնակիր։ Բերեցին մի