Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/105

Այս էջը սրբագրված է

Հույս ունեի, որ գյուղաքաղաքից դուրս գալով մենք կազատվենք ցեխի հանքերից։ Ի՜նչ մոլորություն։ Շուտով նոսր տիղմբ փոխվեց թանձրին։ Մեր ձիերի ընթացքը քանի գնաց, այնքան ավելի ու ավելի դանդաղացավ։

Պատահեցինք պատերազմական մթերքներ կրող ուղտերի անվերջ շարանների և մեր դրությունն ավելի բարդացավ։ Բիբլիական կենդանիները իրանց երկար ոտներով կտրում էի ճանապարհի ամբողջ լայնությունը։ Մեր փոքրիկ ձիերը հերոսական ճիգեր էին անում նրանց լայն թաթերի տակ ճխրտվելու համար։

Բայց խեղճ վիթխարիներ։ նրանք իրենց ծանր բեռների տակ տնքում էին, արձակելով բարձր հառաչանքներ և թուր տարածելով աջ ու ձախ։ Նրանց երկար պարանոցները ձըգվել էին տարածության մեջ, ինչպես կաղնիների ծուռ կոճղերը, և սև դունչերը ցցվել էին դեպի երկինք։ Կարծես, ապաբախտ արարածները բողոքում էին աստծու դեմ, որ այնքան դաժան է եղել իրանց վերաբերմամբ։ Մերթ ընդ մերթ ավելի անհամբերները վրդոհվում էին այնպես, որ կտրում էին իրանց միմյանց շղթայող սլարանը և ճանապարհից դուրս վազում, գոռալով։ Այն ժամանակ սկսվում էր նրանց տերերի տանջանքը։ Որպիսի դաժանակիր աշխատանք էր հարկավոր ըմբոստներին նորից շարքի մեջ մտցնելու համար։

Մեր առաջնորդը, որ մի երիտասարդ հայ կամավոր էր, երևի, ձանձրանալով ուղտերի վտանգավոր հարևանությունից, կամ գուցե կամենալով ցույց տալ մեզ իր վարպետությունը, ճանապարհից շեղվեց դեպի աջ։ Մեր եպիսկոպոսները հետևեցին նրան, մենք ևս կազակների հետ։

Զուր խեղճ Շահխաթունին բողոքեց և աղաղակեց, խնդրելով ետ դառնալ, մեր սրբազանները չվախեցան նրան լսել և, մտրակելով իրանց նժույգներին, արշավեցին առաջ։ Երևի հափշտակվել էին կանաչազարդ տափարակի համեմատական զորությամբ։

Ինչ արած, ստիպված էինք նրանց հետևելու, որպեսզի