չանջատվենք միմյանցից, ի նկատի ունենալով մերձեցող իրիկնային խավարը։
Շուտով զգացինք մեր առաջնորդի սխալը և շատ դառն։ Ընկանք ճահիճների մեջ, Օրգովի այն պատմական ճահիճների, ուր, ըստ ավանդության, հին ժամանակներում կարավաններ և զորքեր են կործանվել։
Սկզբում դեռ ոչինչ, մեր ձիերը քայլում էին բավական ազատ։ Բայց հետզհետե ճահիճը խորանում էր, և մեր դրությունը ավելի ու ավելի վտանգավոր դառնում։
Դժբախտաբար, մութն արդեն սկսվել էր, և մենք գրեթե ոչինչ չէինք տեսնում։ Գոնե ես ոչինչ չէի նշմարում, բացի ճահիճների նենգավոր մակերևույթից և հեռավոր ձյունապատ լեռների կաթնագույն սիլուետներից։
Վերադառնալ այլևս անկարելի էր։ Հույս ունեինք, առաջ գնալով, դուրս գալ տիղմի միջից։ Բայց հանկարծ մեր ձիերը կանգ առան, չկարողանալով շարժվել ոչ առաջ և ոչ ետ։
Մենք արդեն ցրվել էինք զանազան կողմեր։ Կազակները չքացել էին, մնում էր Շահխաթունին։ Հետևից լսեցի Հովհաննես Թումանյանի ձայնը։
— Հազիվ թե այս ձիերը կարողանան մեզ դուրս բերել այստեղից,— ասում էր նա։
Նայեցի ետ։ Նա արդեն իր ձիու հետ երկու անգամ ընկել էր ու վեր կացել։ Այժմ կանգնած էր ցեխաթաթախ երիվարի քով մի ձեռով բռնած նրա սանձը, մյուսով իր կրկնակոշիկները։ Հետո զգացի, թե նա որքան խելոք է վարվել այդ թանկագին ոտնամաններն այնպիսի խնամքով պահելով։ Ես իմ կրկնակոշիկներից մեկը թողեցի ճահճի մեջ և հետո շատ ու շատ տուժեցի, երբ ստիպված էի քայլել սառույցների վրա։
— Թըը՜լփ— լսեցի առջևից մի փափուկ ձայն։ Նայեցի. Ներսիսյան դպրոցի տեսուչ պ. Խունունցն էր, որ իր ձիու հետ մեղմիկ ընկավ կողքի վրա։
— Յոսիֆ Նիկիտիչ, ի՞նչ պատահեց,— հարցրի ես, կարծելով, որ մարդը պիտի խեղդվի, չկարողանալով ազատվել ձիու տակից։
— Ոչինչ,— պատասխանեց պատկառելի մանկավարժը