Ինձ թվում էր, որ մինչև լույս պիտի մնայինք ճահճի մեջ և, ես մտածում էի, թե ինչպես պիտի դիմանանք գորտերի վիճակին։ Խոնավությունն արդեն թափանցել էր մինչև ոսկորներիս ծուծը։
Բшրեբախտաբար Շահխաթունու ձին իր բարձրության և ամրության շնորհիվ չէր ընկել։ Նա առաջ գնաց։ Մենք հետևեցինք նրան։
...Եվ այդպես, մոտ երեք քառորդ ժամ խավարի մեջ դեդերելուց հետո, դուրս եկանք ինչ֊որ դաշտավայր։ Ձայն տվեցինք, լապտերը վառեցինք, և մեկ֊մեկու հետեվից եկան մեր մյուս ընկերները։ Եկան նաև կազակները։ Շահխաթունին մեկ-մեկ կանչեց նրանց թվահամարները։ Մեկը պակասեց։ Մի ուրիշի ուղարկեց * նրան գտնելու, նա էլ կորավ։
Վերջապես ամենքը ժողովվեցին։ Հայտնվեց, որ բոլորին պատահել է մեր դժբախտությունը։ Բոլորին, բացի Խորեն եպիսկոպոսից, որի բախտը վիճակել էր մեր ձիերի մեջ ամենադիմացկունն ու ամուրը։
Ցուրտը սաստկացավ, երբ սկսեցինք ելնել Օրգովի բարձունքը։ Այժմ ճանապարհը չոր էր, վասնզի երկիրը սառել էր։ Քրդական ձիերը մի առանձին ընդունակություն ունեն քայլելու սառցապատ տեղերում։ Իմ փոքրիկ ձին սառած քարքարոտն անցնում էր կատարյալ մարդկային զգուշությամբ, ինձ տանելով մերթ դեպի աջ, մերթ դեպի ձախ և երբեմն ճանապարհից շեղվելով։
Իմ թաղիքյա երկայնավիզ կոշիկները մինչև ծայրը լցվել էին ջրով, և ոտքերս նրանց մեջ լողում էին բադերի պես։ Բայց մրսելուց երկյուղ չունեի։ Մտածում էի միայն ընկերներիս մասին։ Բարեբախտաբար նրանցից և ոչ մեկը բամբակի և փետուրների մեջ չէր ծնված ու սնված։
Հասանք Օրգով։ Գյուղ է թե ինչ—չգիտեմ, բայց վերջին ռուս կայարանն է։ Այնուհետև սկսվում է Չինգիլի բարձրավանդակը և ապա Թուրքիան։
Ռուս օֆիցերները մեզ ընդունեցին այնքան սիրալիր, որքան թույլ էր տալիս իրենց վիճակը։ Զարմացան, որ մենք ճահիճների միջից դուրս ենք եկել առանց կորստի։