Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/109

Այս էջը սրբագրված է

— Եթե մի փոքր էլ առաջ շարժվեիք,— ասաց մեկը նրանցից,— պիտի հանդիպեիք ստորճահճային ճեղքերի, ուր և անշուշտ կգտնեիք ձեր հավիտենական օթևանը։

Գիշերելու համար կոմենդանտը մեզ տվեց երկու մաքուր սենյակներ, հրամայելով վառարանները վառել։

Մեր տրամադրությունը միանգամայն փոխվեց, երբ զինվորը մեջտեղ բերեց ժանգոտ սամովարը։ Ինչ ասել կուզե, որ մենք իսկույն այն դատարկեցինք։

Թեյը մեզ զվարթացրեց և կազդուրեց։ Սքանչելի՜ հեղուկ։ Քանի֊քանի անգամ ես մեզ ազատել մռայլ տրամադրությունից, գուցե և հիվանդությունից։

Վառարանը վառվեց մեծ դժվարությամբ, բայց իսկույն նրա դռնակը ծածկվեց թրջված գուլպաներով, կոշիկներով ու կրկնակոշիկներով։ Բարձրացավ անտանելի գոլորշի, որի մեջ քնել կարողանալու համար հարկավոր էին մեր ջարդված ներվերը։

Եվ մենք քնեցինք անդորր քնով, կանխավ հաճույքով ճաշակելով Հովհաննես Թումանյանի անեկդոտները Լոռվա կյանքից։

IV

Առավոտ է. արդեն ինը ժամը։ Իսկ մենք նախընթաց երեկո որոշել էինք ճանապարհ ընկնել ոչ ուշ՝ քան ութ ժամին։

Մենք պատրաստ ենք։ Բայց մեր բեռնապահները Հովը Երանելու համբերությունն անգամ սպառելու չափ դանդաղ են։ Ինչո՞ւ, որովհետև հայեր են։ Մի թե հինգ անգամ պատվիրածդ նրանք կարող են մի անգամ կատարել։ Մի՞թե նրանք չպիտի միևնույն իրը տասն անգամ վերցնեն և տասն անգամ էլ ետ դնեն, որպեսզի նորից վերցնեն և նորից ետ դնեն, միշտ մրթմրթալով, միշտ տրտնջալով։ Հազար բարկացիր, հազար գոռա սպառնացիր։ Ոչինչ չի ազդիլ։ Չէ որ ազդելու համար ներվեր են հարկավոր։

Ճարահատյալ դուրս ենք գալիս զորանոցից շրջակայքը դիտելու, մինչև որ հայկական կրիան կշարժվե իր տեղից։