Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/11

Այս էջը սրբագրված է

Մենք շտապում ենք անցնել առաջ և որքան գնում ենք, այնքան երկնքի հորիզոնը փոքրանում է. մեր առջև բարձրանում են երկու հսկայական ուրվականներ: Դրանք Տերունականի և սուրբ Լուսո լեռներն են։

Հանկարծ ուղիղ մեր դեմուդեմ, կարծես, գետնից բարձրանալով, մուգ հորիզոնի վրա նկարվում է մի մռայլ, բարձր, սրածայր գմբեթ։ Հետո երևում է մի այլ, ավելի բարձր գմբեթ։ Այնուհետև ավելի մոտիկ երևում է ինչ-որ քառակուսի բարձրավանդակ։

Ահա Հաղբատի վանքը։

Քառակուսի բարձրավանդակի վրայից վեր են կենում մի քանի մարդիկ։ Մի բարձր, խրոխտ ձայն հիշում է մի գյուղական անուն, և մեր առջև դուրս է գալիս վանքի ծառաների, մեկր։

Գիշերվա կեսին չորս անկոչ հյուրեր, հոգնած, քաղցած, առանց որևէ պաշարի կամ անկողնի՝ պիտի մտնեն այստեղ և հյուրասիրություն պահանջեն։ Ի՞նչ իրավունքով, ո՞վ է պարտավոր ընդունել մեզ։

Ծառայի առաջնորդությամբ ձիերը քշեցինք վանքի դավիթը։ Առաջին անգամն էի արժանանում վանքի հյուրասիրության, ինքս ինձանից ամաչեցի։ Ի՞նչ ենք տվել, որ այսպես համարձակ մտնում ենք նրա դռներից ներս։

2

Մեզ դիմավորեց մի միջահասակ, առողջ կազմվածքով, գեղեցիկ դեմքով և վառվռուն աչքերով մոտ երեսունուհինգ տարեկան մարդ հոգևորականի տարազով և գլխին ծուռ դրած մի նախաջրհեղեղյան գլխարկ։ Դա Գեղամ վարդապետ Բաբաջյան էր, Հաղբատի ներկա վանահայրը։ Հայր սուրբը «մարդանայ» մի ձեռը գոտիի մեջ խրած, մյուս ձեռը մեկնեց մեզ և, հարցնելով մեր անունները, անմիջապես ուրախությամբ հրավիրեց ներս։

Քանի մի վայրկյան անցած՝ վանքապատկան սենյակների նեղ պատշգամբի ծայրում, մթան մեջ գծավորվեց բարձրահասակ, երկար, ալեխառն մորուքով մի պատկառելի