Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/110

Այս էջը սրբագրված է

Եվ չենք զղջում. ընդհակառակը, ուրախ ենք, որ ուշացանք։ Ի՜նչ սքանչելի տեսարան. Օրգովի սառած կրծքից դեպի վեր ձյունապատ լեռներ, դեպի վար գույնզգույն դաշտերը, մութ ձորերը և ավելի հեռավոր սարերը։ Մի՞թե մի այդպիսի պատկերի առջև ամենաանբախտ հոգին անգամ կարող է գեթ մի քանի վայրկյան չմոռանալ այս անիրավ կյանքի դառնություններն ու վշտերը և չզգալ, որ աշխարհը դարձյալ հրապուրիչ է, չնայելով իր անարդարություններին։ Ահա, նույնիսկ այն նենգավոր և կեղտոտ ճահիճները, որ երեկ մեզ կորուստ էին սպառնում, այսօր հեռվից թվում են կախարդական գորգեր՝ սփռված լայնատարած դաշտերի վրա։

Միայն գոռոզ Արարատն է, որ թանձր ամպերով սքողված չի կամենում ցույց տալ իր կերպարանքը։ Գուցե նա զբաղված է իր մռայլ խոհերով։ Չէ որ նա է բաժան֊բաժան եղած ազգի ապաբախտը՝ սիմվոլը. մի ազգի, որի ապագան նույնպես թանձր ամպերի մեջ է։ Եվ այժմ ավելի թանձր, քան երբևէ․..

Բայց Արագա՜ծը։ Նա, կարծես, հոգ չունի։ Նա ոտքից մինչև գլուխ պարզել է իր ձմեռային գեղեցկությունը պայծառ արեգակի տակ։ Եվ ես նրան ավելի եմ սիրում, քան մռայլ Արարատը։ Աստված իմ, ի՞նչ կախարդական գույներ են սփռված նրա վառ լուսավորված բարձունքների, նրա հպարտ կրծքի, նրա լայնածավալ փեշերի վրա։ Այդտեղ, կարծես, ներկերի քնքշությունը մրցում է գծերի և շտրիխների նրբության հետ, և ընդհանուր առմամբ Արագածը պատկերացնում է մի երջանիկ արքայական նորահարս՝ կապույտ երկնակամարի վրա բազմած։

Բայց բավական է, որքան հիացանք բնության հրաշալիքներով։ Մեր բեռներն արդեն բարձված են, ձիերը թամքված և բեռնապահները պարծենում են իրանց արած գործով։

Շտապում ենք ուղի ընկնելու։

Մոտենում է Շահխաթունին հուզված, այլայլված։

— Дядя,— ասում է նա, որ սովորություն ունի ինձ մորեղրայր թե հորեղբայր անվանելու,— տեսեք այդ թուրքահայերը ինչպես են մեզ խայտառակում։