Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/115

Այս էջը սրբագրված է

ամենայն քաղաքավարությամբ նրան բազմեցնում էր ճանապարհի եզրին կամ քարի վրա, բայց նա նորից անվնաս բարձրանում էր կազակների օգնությամբ, նորից նստում ու հայդա..․

Ահա նա, տեսեք ինչպես է սլանում ձյունապատ բարձրավանդակով վեր։ Նրա ֆերաջեի թևերը սավառնում են օդի մեջ բազեների պես և լայն փեշերը ծածանվում սև դրոշակների նման։

V

Անցանք մի քրդական գյուղի մոտով։ Կենդանության և ոչ մի նշան։ Գյուղ։ Մեղք է այդ որջանոցին մարդկային բնակավայրի անուն տալ։ Մոխրագույն քարակույտերի խառնիխուռն հավաքածու է դա, որ հեռվից գերեզմանատան տպավորություն է գործում։

Այդ գյուղի մոտ է տեղի ունեցել ռուս զորքերի երկրորդ ճակատամարտը թշնամու դեմ։ Նա նախ գործ է ունեցել համիդիականների, ապա 1500 ասկերներից բաղկացած կանոնավոր թուրք ջոկատի հետ։ Եվ մի քանի ժամում ջարդել ցիրուցան է արել։ Թուրքերը, որ փախել են Դիադինի կողմերը, իսկ քրդերը ըստ սովորության պատսպարվել են լեռներում, կանխավ, հարկավ, կողոպտելով Արծափը։

Օրգովից մինչև Արծափ ընդամենը 32 վերստ է, որ անցանք վեցուկես ժամում։

Տեղ հասանք մութը չընկած։

Կյանքումս առաջին անգամն եմ տեսնում թուրքահայ գյուղը։

Առայժմ չգիտեմ ներքինը, բայց դրսի տպավորությունը նպաստավոր է։ նույնիսկ ուրախալի։ Անցնում ենք խնամքով մաքրված և կանոնավոր խրամատներով հավասար մասերի բաժանված վարելահողով։ Ձիու ոտները մինչև սրունկ խրվում են ձյունի բարակ շերտով ծածկված արտերի մեջ և շուռ տալիս սև ու փափուկ հողը խոշոր կույտերով։ Երևում է, որ նա արգավանդ է։ Նույնն են ասում և իմ ընկերները, որ ինձանից ավելի են հող ճանաչում։