դուրս գալիս, նորից վազում, աշխատելով նեղ անցքերի մեջ ոչ ոքի չդիպչել իր պարարտ փորով։ Ինչ-որ պատվերներ է տալիս կամավորներին և տանտերերին, շշնջալով և ձեռքերդ օդի մեջ շարժելով։ Վերջապես, նա հանգստանում է ու կանգնում սրբազանների առջև, ձեռները փորի վրա դնում և սպասում նրանց պատվերներին։ Քիչ անցած նրա սաթի պես սև աչքերը պսպղում են հոգեկան հաճույքից. երբ տանտերերից մեկը մեջտեղ է բերում մի ահագին մատուցարան վրեն թեյ՝ գինու փոքրիկ բաժակների մեջ։
Այստեղ առաջին անգամ զգում եմ տեր-Նիկոլի ահագին արժեքը ճամփորդության համար և այնուհետև սկսում եմ նրան սիրել։
Քաղցը մեզ ստիպում է առժամանակ մոռանալ ուրիշների ցավերը։ Մենք ուտել ենք ուզում, իսկ բեռները դեռ տեղ չեն հասել, ուտելու ոչինչ չունենք։ Այնինչ տանտերերը մոռացել են այդ լավաշի հետ մի քիչ էլ պանիր բերել։ Տեր-Նիկոլը նորից հուզվում է, դուրս է վազում և, փոքր անցած վերադառնալով, ականջիս շշնջում է․
— Գիտե՞ք, դրսում վեց մեծ-մեծ տկճոր ոչխարի պանիր կա, ասե՞մ, որ մի կտոր բերեն։
— Անհարմար է, տեր հայր։
— Ոչինչ, գյուղացիներ են, չեն հասկանում։ Պետք է հասկացնել։
Ասաց ու դուրս վազեց և քիչ անցած եկավ ուրախ-ուրախ ժպտալով ձեռքին մի ափսե, մի մեծ կտոր պանիրով։
— Որդի պանիր է, համով պիտի լինի,— ասաց, ափսեն հանդիսավոր կերպով մեջտեղ դնելով։
— Կեցցե տեր-Նիկոլը,— ասացինք միմյանց շշնջյունով և գայլի ախորժակով հարձակվեցինք պանրի վրա, որ իրավ շատ համեղ էր։
Մինչ մենք զբաղված էինք կերուխումով, գյուղացիները պատմում էին իրանց գլխին եկած վերջին փորձանքները։
Ներս մտավ տեղական քահանան, վաղաժամ զառամած մի ծերունի՝ անգույն հնամաշ ֆերաջով և պատառոտված կոշիկներով։ Գյուղացիները թույլ տվեցին, որ նա պատմե անցքերը։