Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/125

Այս էջը սրբագրված է

Ես լսելիքս լարեցի։ Ձյունապատ և արեգակի շռայլ լույսով ողողված սարերի հետևից լսվում էին խուլ, շատ խոսել թնդյուններ նման հեռավոր որոտի։

— Խրատում են նրանց,— բացատրեց խորունժին՝ թե-թե ծիծաղելով,— վատ դաս չէ, կսովորեն այսուհետև ինչպես վարվել դիակների հետ...

— Որտե՜ղ է կռիվը։

— Մոսունի շրջակայքում։ Կռիվ չէ, այլ պատիժ։ Չորս հարյուրյակներ են ուղարկված գնդացիրներով՝ հանցավոր քրդերի գյուղերը հիմնահատակ անելու։

Որքա՜ն զորավոր, որքան անհաղթելի է այն ինքնըստինքյան ոչ վեհ-մարդկային զգացումը, որ կոչվում է ազգային վրիժառություն։ Ես, հոգով ու մտքով, իմ ամբողջ էությամբ թշնամի ամեն մի արյունահեղության, լինի նա նույնիսկ հանուն ինչ գաղափարի ևս կամենաք, ես, որ քստմնում եմ մարդու ձեռքով թափված մարդկային արյունից, այդ պահին չկարողացա զսպել իմ անասնական բնազդը։ Գիտեի ինչ ասել է զինվորականի բերնում «պատժելի» բառը պատերազմի ժամանակ։ Գիտեի, որ այնտեղ, այն հրաշալի երկնքի տակ մի շարք պիղծերի հետ թափվում է գուցե և՝ անմեղների արյունը։ Գիտեի, որ հետո այս արյունոտ պատերազմից ու լեռներից հեռու լինելու է մի պահ, որ ես չարաչար զղջալու եմ իմ ոչ-մարդկային զգացման համար։

Հեռավոր բարձունքների վրա, հսկայական ժայռերի մեջ նշմարվեց պատմական Բայազեդը պարզ, մանիշակագույն մշուշով ծածկված։ Մի խումբ գիշակերներ թռան մեր գլխի վրայով և, անցնելով ճանապարհի մյուս կողմը, կռկռալով նստեցին ձիու ուռած դիակի վրա... մի ուրիշ երամ նստեց մի ուրիշ դիակի վրա և սկսեց հոշոտել նրան։

Այսպես է մեր ամբողջ ուղին, սկսած Օրգովից—աջ ձախ զարդարված ձիերի, ուղտերի և էշերի գեշերով։ Թշվառ կենդանիներ... նրանք ընկել են ցրտից, սովից, հոգնածությունից և բեռան ծանրությունից