Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/126

Այս էջը սրբագրված է

VII

Ամենից առաջ գնում էր Խունունցը՝ Զելիմ խանի ահռելի փափախն օդի մեջ ցցած ինչպես աշտարակ։ Տեր-Նիկոլը շատ կփափագեր արշավում մրցել նրա հետ, բայց, ավաղ, չէր կարող։ Նախ՝ քաշվում էր եպիսկոպոսներից, ապա, որ ամենագլխավորն է, արդեն նժույգն սկսել էր ըմբոստանալ նրա հերոսության դեմ։

Քաղաքին մոտենալիս մենք խմբվեցինք։

Հեռվում երևաց ձիավորների մի խումբ։ Արշավելով, մոտեցան մեզ և իջան ձիերից։ Նրանց պարագլուխն էր ալեխառն մորուքով, չոր֊չոր դեմքով մի քահանա, որի անունը, դժբախտաբար, մոռացել եմ։ Ամենքը համ բուրեցին եպիսկոպոսի աջը։ Սկսվեցին սովորական հարցերը։ Կոտորածը մեծ Է եղել Բայազեդում, թուրքե՞րն են ավելի դաժան եղել, թե՞ քրդերը։ Ի՞նչպես է այժմ հայերի քաղաքական վիճակը և այլն և այլն։ Հարցեր, որ դեռ շատ անգամ պիտի կրկնվին և որոնց աղի պատասխանները դեռ շատ պիտի պղտորեն մեր առանց այն էլ տառապող հոգիները։

Բայազեդը մատչելի է միայն այն կողմից, որով բարձրանում ենք, բայց այն էլ գրեթե ուղղահայաց մի զառիվեր է։ Մյուս կողմերով նա շրջապատված է վիթխարի ժայռերով, որոնց բարձր ու սուր գագաթները, կարծես, երկնքի սիրտն են ուզում ծակել նիզակների պես։ Երկու հնաձև բերդեր իշխում են նրա վրա, մեկը քաղաքի ծայրում, մյուսը քաղաքից դուրս, ժայռերի կրծքում։ Մարդ զարմանում է, թե ինչպես են գրավել այդ անառիկ բերդանոցը։ Թվում է, որ նա մի քանի թնդանոթներով և մի գունդով կարող էր դիմանալ մի ամբողջ բանակի տարիներ շարունակ։ Բայց այդպես չէ. թուրք ղորքը թողել է նրան ու փախել առանց մի գնդակ արձակելու։

Բարձրացանք, շարունակ բարձրացանք։ Ահա, վերջապես, քաղաքի մուտքը։ Այդտեղ ժողովվել է ահագին բազմություն։ Մեզ, այսինքն ոչ աշխարհական մահկանացուներիս, այլ եպիսկոպոսներին ընդունում են աղ ու հացով և անսահման երկյուղածությամբ։ Զարմանալի՜ բան, գուցե առաջին