Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/127

Այս էջը սրբագրված է

օրինակը։ Աղ ու հաց առաջարկում են և՛ թուրքերը, և’ քրդե*րը։ Ինչո՞ւ։ Երևի, իրենք էլ չգիտեն։

Նեղ և ծուռումուռ փողոցներ, մեր բազմամարդ թափորը դիմում է դեպի եկեղեցի քաղաքի պատվավոր ներկայացուցիչների առաջնորդությամբ։

Եկեղեցի՞։ Ոչ, դա մի ահագին քարե մթերանոց է խարխուլ պատերով, կիսավեր առաստաղով, այնքան խոնավ, որ իսկույն ոսկորներս ցնցվում են։ նույնը, ինչ որ Արծափի եկեղեցին — կատարյալ ամայություն։

Համառոտ աղոթք և Մեսրովբ եպիսկոպոսի մխիթարական խոսքերը։ Վաղը կատարվելու է հանդիսավոր մաղթանք զորքի և զինվորական իշխանության ներկայությամբ։

Եկեղեցումն է թաղված վերջին դեպքերի առաջին զոհ Գալուստ Ալոյանցի դիակը։ Մոտենում ենք նրա թարմ գերեզմանին, որ գտնվում էր մի խավար անկյունում։ ճանաչում էի նրան։ Չկար նրա համար ավելի մեծ վիշտ, քան իր հայրենակիցների տառապանքը։

Մեզ առաջնորդում են դեպի մեր ժամանակավոր օթևանը։ Ոմանք ցրվում են քաղաքը տեսնելու։ Ես շտապում եմ ազատվել ծանր մուշտակից և անտանելի թաղիքյա կոշիկներից։

Մի բավական մեծ սենյակ է՝ անկշտամբելի մաքուր, գեղեցիկ գորգերով զարդարված։ Կա և մի հատ գրասեղան ու մի֊մի հատ աթոռ։ Շքեղություն, որին այլևս չպիտի հանդիպեինք Բայազեդից դեն։

Տեսնելով այդ հարմարությունը, նստեցի մի քանի նամակներ գրելու։ Թիֆլիսի փոստային հարաբերություն չկար, պետք էր օգտվել Մեսրովբ եպիսկոպոսի սիրալիր առաջարկից վերցնելու նամակները։ Հետևյալ առավոտ նա պիտի վերադառնար Թիֆլիս։

Մինչ ես զբաղված էի, եկան մեր բոլոր ուղեկիցները քաղաքից հոգնած։ Մեր Նիկոլը, որ արդեն մտել էր իր դերի մեջ, ականջիս շշնջաց։