Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/129

Այս էջը սրբագրված է

Նրա ասածները հաստատեցին ներկա եղողները, բացի, հարկավ, այն մասից, որ նա ասաց ռուսերեն լեզվով...

Եպիսկոպոսներից մեկը խնդրեց ոստիկանապետից իմանալ արդյոք գեներալ-նահանգապետը կընդունե՞ մեր այցելությունն այսօր ևեթ։ Ոստիկանապետը իսկույն գնաց և շատ չանցած, վերադառնալով, հայտնեց, որ գեներալ Դ.֊նը ուրախ կլինի ընդունել երեկոյան։

Որոշյալ ժամին կարգի բերեցինք, որքան կարող էինք, մեր ամեն կարգից դուրս հագուստը և գնացինք գեներալ֊նահանգապետի բնակարանը, որ ռուսաց նախկին հյուպատոսարանն էր։

Նախ նրա առանձնասենյակում, ապա սեղանատանը թեյի և ընթրիքի սեղանի քով մեր խոսակցությունը տևեց մինչև գիշեր։

Ներկա էր և նախկին հյուպատոս պ. Ա...ն, որ գեներալի քաղաքացիական օգնականի պաշտոնն էր վարում։

— Միմյանց չճանաչելը մեզ և ձերոնց շատ խանգարում է և դրանից առաջանում են հազար ու մի թյուրիմացություններ,— ասաց գեներալը։— Ցանկլի կլիներ, որ այնտեղ մեզ օգներ լեզու գիտցող մի ռուսահայ։

— Այդ մասին մտածված է,— հայտնեցինք մենք։ — Որոշված է ուղարկել թե՛ այստեղ և թե՛ ուրիշ կենտրոններ մի-մի ռուսահայ, որ պիտի լինի մի տեսակ միջնորդ տեղական հայերի և զորքերի մեջ և թարգման։

— Այդ հրաշալի է, հրաշալի է,— կրկնեց գեներալը,— դա մեր գործը կթեթևացնի։ Գիտեք, գրությունը շատ փափուկ է. հայը քրդի վրա է գանգատվում, քուրդը հայի վրա։ Շատ անգամ չեմ կարողանում իմանալ ով է մեղավորը և ով է արդարը։

— Բայց համենայն դեպս հայտնի է, որ մինչև այժմ հարվածողը հայն է եղել։

— Մինչև այժմ այո՛, բայց այժմ հայերն են սկսել նեղել քրդերին,— ասաց գեներալը ժպտալով։

— Այո գոնե ինձ այդպես են զեկուցանում։ Մի խոսքով, կխնդրեի ձեզ, որ ձեր հայրենակիցներին հասկացնեիք։