թե այսուհետև այս երկրում գործելու է օրենքը և ոչ բռնությունը։
Ակնարկը պարզ էր։ Հասկանալի էր, թե ինչ է ուզում ասել գեներալը։
Մեր տրամադրությունը մթնեց։ Նայեցինք միմյանց տարակուսանքով։
VIII
Առավոտյան յոթ ժամին Մեսրովբ եպիսկոպոսը ուղևորվեց Թիֆլիս, ցավելով, որ չի կարող ճամփորդությունը շարունակել.
— Բայց կաշխատեմ Սարիղամիշի կողմերում ձեզ հանդիպել,— ասաց նա։— Մեր վրա դրված պարտականության համար կարևորն այն կողմերն են։ Այստեղ հայ զինվորներ չկան։
Գնացինք եկեղեցի։ Արդեն նա ծայրեիծայր լեցուն էր։ Այս անգամ եկել էին և կանայք ոչ այնքան աղքատ, որքան տձև հագնված։ Ոչ մի եվրոպական հագուստ։ Միայն մի քանի շրջազգեստներ, բայց գլխարկի փոխարեն շալ։ Մեծամասնությունը դարձյալ ցնցոտիներ։ Եկել էին նաև բազմաթիվ զինվորներ։
Փոքր անցած երևաց գեներալ֊նահանգապետն ուրիշ զինվորականների և իր օգնականի հետ։
Այս անգամ խոսողը Խորեն եպիսկոպոսն էր, որ այն օրից պիտի փոխարիներ Մեսրովբին։
Խոսեցին և՛ աշխարհականները—Սմբատ Խաչատրյանը և Հովհաննես Թումանյան։ Ես լուռ ունկնդիր էի և վճռել էի լռել մինչև վերջը, գերադասելով դիտողի և ուսումնասիրողի դերը քարոզողի և խրատողի դերից։ Եվ ի՞նչ պետք է ասել այդ հոգեսպառ և արյունաքամ ժողովրդին։ Ի՞նչ հույսեր նրան ներշնչել, որոնց համար ապագայում չզգաս խղճի խայթ և չդատապարտես քեզ թեթևությանդ համար։ Լավ կլիներ, եթե նույնիսկ ոչ ոք չխոսեր և թույլ տրվեր այդ խեղճ ժողովրդին ավելի երկար ժամանակ լսելու տեր