Նիկոլի հուզիչ երգեցողությունը։ Ահ, նրա մաքուր տենորի յուրաքանչյուր հնչյունը թափացնում է այդ ողորմելի տառապյալների հոգին և արտասուք կորզում նրանց ցամաքած աչքերից։ Եվ ինչպես հիացած են օտարազգի զինվորներն ու զինվորականները, որպեսզի երկյուղածությամբ են լսում արևելյան եկեղեցու հոգեմաշ մեղեդին, որ այնքան սազում է այդ մռայլ արյունաշաղախ պատերին։
Մաղթանքից հետո մի քանի տեղացի երիտասարդներ բարի եղան ինձ ցույց տալու երկու բերդերից մեկը, որ գտնվում է քաղաքի արևելյան ծայրում։ Անցանք անկարգ, անկանոն շինված տների միջով։ Փողոց՝ բառիս տարրական իմաստով այստեղ գոյություն չունի, ձյունի և աղբի կույտերով ծածկված անցքեր են, որ մերթ իջնում են, մերթ բարձրանում։ Անցնում ենք մի աղբյուրի մոտով, ուր մի խումբ կանայք և երեխաներ կուժ ու կուլաները ձեռքերին հերթի էին սպասում։ Ոչ մի ուրախ ձայն, ոչ մի ժպիտ այդ մռայլ, վաղաթառամ դեմքերի վրա։
Բայազեդի ամրոցն իբրև այդպիսին, անկասկած, չունի ժամանակակից արժեք, բայց իբրև հին ճարտարապետական գործ կարող է համարվել հավիտենական։ Նրա ոճը հստակ չէ և ներկայացնում է մի տեսակ խառնուրդ արաբական, պարսկական և մասամբ հայկական ոճերի։
Առանձնապես գեղեցիկ են մզկիթի գմբեթը ներսի կողմից և նրա մինարեթը դրսի կողմից։ Տպավորություն գործում է նաև պալատը, մանավանդ զինվորական խորհրդի դահլիճն իր հոյակապ կերտվածքով և առաստաղի նրբությամբ։ Բերդն ամբողջովին զորանոցի է փոխված։ Նրա ընդարձակ բակում զինվորները լվացքով են զբաղված, և լվացած ճերմակեղենը խաչաձև կապած պարանների վրա՝ չորանում էին արեգակի տակ։ Ամենուրեք տիրում էին կեղտն ու ապականությունը։
Շինությունները տեղ-տեղ ավերված են, փլատակները ցիրուցան։ Անկասկած դա թուրքերի անհոգության հետքն է, քանի որ Բայազեդը չի դիմադրել ռուս զորքերին, և բերդը արշավանքի չի ենթարկվել։ Գուցե 1877 թվականի հետքերն են, որ մինչև այսօր մնում են անուղղելի։