հավատացրել էին, որ այդ թշվառ երկրում ոչ պայտառ կա, ոչ երկաթ։
Գեներալ֊նահանգապետը աչքի առաջ ունենալով ճանապարհի վտանգը, հարկ համարեց մեզ ուղեկից կազակների թիվը հասցնել 25-ի։ Լսելով այդ, Հովհաննես Թումանյանը իր բազմաթիվ կապոցների միջից դուրս բերեց մի մեծ արկղ և քարշ արավ կողքին։ Ասաց, որ այդ արկղի մեջ ամփոփված է աշխարհի ամենասոսկալի զենքը։ Ես վախեցա։ Խունունցը, Զելիմ խանի չալ փափախը իր ճաղատ գլխին սեղմելով, դուրս բերեց մի սև ռևոլվեր և, հավաստիանալով, որ փամփուշտները չեն ընկել, հանգստացավ և քաջարի ժպտաց։
Ես սարսափեցի։ Իսկ երբ տեսա, որ չարաչար գոտեպնդված Խորեն հոգևորականն էլ զինված է մահաբեր զենքով, արդեն միանգամայն սարսռեցի, վասնզի ես միամտություն էի ունեցել հավատալու, որ հոգևոր հայրերի միակ զենքը պիտի լինի, նույնիսկ պատերազմի վայրերում, իրենց պերճախոսությունը հակամարդկային բնազդները մեղմացնելու համար։ Եվ հանկարծ եպիսկոպոս ու ատրճանակ...
Թուլամորթը միայն ես էի իմ ընկերների մեջ։ Կարծեմ, Սմբատ Խաչատրյանցը նույնպես։ Թուլամորթ նամանավանդ, որ չէի հասկանում իմ ընկերների զինման իմաստը։ Եթե քուրդերը հարձակվելու են մեզ վրա, համենայն դեպս հարձակվելու են հրացաններով։ Ի՞նչ կարող է անել ռևոլվերը հրացանի դեմ։ Ես հույս չունեի նույնիսկ կազակների վրա։ Համոզված էի, որ հարձակման դեպքում մեզ մի բան է մնալու անել փախչել, կամ ժամանակակից ոճով ասած, նահանջել։ Հետևաբար, մեր փրկությունը մեր ձիերի ոտքերի մեջ է և ոչ Հովսեփ Խունունցի գրպանում։
Դարձյալ հայկական կրիան չի դուրս գալիս բնից։ Որովհետև երկիրը սառն է և Բայազեդի սառցապատ զառիվերով միայն ոտքով կարելի է իջնել, ուստի պատվիրել ենք, որ վաղօրոք մեր ձիերը տանեն ներքև։ Իջել ենք կիրճը և ահա մի ամբողջ ժամ է սպասում ենք և ձիերը չկան, և ոչ բեռները։ Անշուշտ մեր մարդիկ ամենայն անդորրությամբ զբաղված են թեյ ըմպելով և զրուցաբանությամբ։ Ճշմարիտ, զարմանալի է կազակների համբերությունը։ Եթե ես լինեի այդ