Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/137

Այս էջը սրբագրված է

Ահա դեպի ձախ Ղըզըլ-Դիզեն, ուր տեղավորված է կազակների մի ամբողջ գունդ։

Հանդիպեցինք այն հարյուրյակներին, որոնք ուղարկված էին Մոսունի շրջակայքը տեղական քուրդերին պատժելու՝ երկու ռուս զինվոր սպանելու համար։ Նրանք հիմնահատակ են արել յոթ գյուղ և այժմ երգելով վերադառնում են Ղըզըլ-Դիզե։

Բայազեդից մինչև Դիադին ընդամենը 40 վերստ է, բայց ինձ թվում է, որ այդ ճերմակ սավանն իր ձորերով ու բլուրներով վերջ չունի։

— Ի՞նչքան է մնում,— անդադար հարցնում եմ մեր առաջնորդին, որ կամավորի պես մի բան է։

— Երկու ժամ, մի ժամ, կես ժամ,— պատասխանում է նա։

Վերջը հայտնվում է, որ մարդը ժամանակ և տարածություն ասած բաների մասին բնավ գաղափար չունի։ Հայտնվում է նույնպես, որ նա Դիադինը իր կյանքումը չի տեսել և երդվում էր, որ տեսել է։

Ես արդեն հոգնել եմ և քաղցած եմ, ձիս՝ նույնպես։ Նա հազիվ քայլում է խորը ձյունի մեջ։ Ով ձիու սովոր չէ մանկությունից, թող իմ հասակում երբեք չնստի։

Կանգ ենք առնում լեռների մեջ, մի տափարակի վրա։ Իջնում ենք ձիերից մի փոքր հանգստանալու։

Դեմառդեմ կիրճերից դուրս են գալիս երեք ձիավորներ։ Անկասկած կազակներ են, որ գալիս են Դիադինից։

Սխալված ենք։

Ձիավորները սրընթաց մոտենում են մեզ և, ուժգին թափով քաշելով սանձերը, բևեռվում են մեր առջև։

— Ողջույն ձեզ,— լսում եմ մի առնական ձայն, որ սառած օդի մեջ հնչում է ինչպես մետաղ։ Երեքից մեկը պատանի է, մյուսը երիտասարդ, երրորդը ծերունի ալեխառն մորուքով, կապույտ ակնոցներով, գլխին բաշլըղ, ուսին մաուզեր։ Նրա արևից ու լեռնային բուք ու բորանից կիզված դեմքը ծածկված էր խորը ակոսներով։ Թվում է, որ մարդը ձուլված է բրոնզից իր ձիու հետ միասին։

Դարալագյազի քահանա տեր֊Գրիգորն էր։ Նրա