կրկին փախչում է, այս անգամ, կարծեմ, Սիբիրի ճանապարհից։
Եվ նրա փախուստի միակ շարժառիթն է լինում յուր ընտանիքը, մանավանդ յուր սիրեցյալ կինը։ Դարձյալ սարսափը տիրում է Լոռվա գավառին։ Սողոմոնը նորից սկսում է դեգերել անտառներում, բացարձակ հայտնելով, թե սպանելու է միմիայն յուր թշնամիներին։
Վարչությունը կատաղում է և չարաչար սպառնում այն մարդուն, որ կհանդգնի ուտելիք հասցնել Սողոմոնին։
Չոփուռի մյուս որդիները գաղտնի հաց են մատակարարում իրենց փախստական եղբորը։
Վարչությունը, հարկավ, իմանում է նրանց այս ապօրինի արարքը։ Նա բանտարկել է տալիս Չոփուռի որդիներին։ Ո՞վ է սիրում բանտը... Սողոմոնի եղբայրները փախչում են և միանում իրանց փախստական եղբորը։ Այսպիսով, մի եղբոր պատճառով ակամա ավազակ են դառնում և մյուս չորս եղբայրները։
Վարչության գործը դժվարանում է՝ մեկն էր, այժմ հնգին պիտի որսա։ Նա բոլոր գյուղերը ոտքի է կանգնեցնում, ամբողջ Գուգարքը դարձնում է մի ահագին զինվորանոց... հինգ մարդու պատճառով։ Հայտնի բան է, որ դարանամուտ եղած առյուծների հարաբերությունները ընդհատվում են մարդկանց հետ՝ իրանց կանանց, ընտանիքի, զավակների և ազգականների հետ։
Բայց լինում է մեկը, որ, չերկնչելով վարչության ըսպառնալիքից, հանդգնում է հալածական ավազակներին ամեն օր կերակուր տանել։
Մինչ վարչությունը այսպես ճգնում է ձերբակալել ավազակներին, սրանք չեն վհատում։ Չէ՞ որ Սողոմոնը հայտնել է, թե պիտի պատժի յուր բոլոր թշնամիներին։ Նա սպանում է Մամասախլիովին, հետո մի այլ յուր մատնիչ թշնամուն, հետո մի երրորդին։
Այս դեպքից հետո Սողոմոնը խնդրում է յուր եղբայրներին՝ թողնել Ռուսաց սահմանը և անցնել ՏաճկաստաՆ կամ Պարսկաստան։ Լինում են մարդիկ, որ խորհուրդ են տալիս հինգ եղբայրներին՝ տեղափոխվել ասիական Տաճկաստան