Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/140

Այս էջը սրբագրված է

— Այդ ի՞նչ է։

— Մոտենանք։

Օֆիցերը ձիու գլուխը շուռ տվեց դեպի աջ և ճանապարհից դուրս եկավ։ Ես հետևեցի նրան։ Տասը քայլ հեռու ընկած էր մի դիակ։ Ընկած էր նա երեսն ի վեր։ Երիտասարդ էր, գեղեցկադեմ, սափրած երեսով ու գանգով։ Նրա մի ոտը ձզված էր, մյուսը ծալված։ Ձեռքերը տարածված էին աջ ու ձախ, աչքերը բաց էին, բիբերը դեպի վեր ծռված, ատամները ցցված։ Մահամերձի տանջանքն էր սառել նրա դեմքի վրա։ Դիակը բոլորովին մերկ էր և շոկոլադի գույն ուներ։ Նրա հուժկու կրծքի վրա սևին էր տալիս մի փոքրիկ ծակ։ Գնդակի հետքն էր։

— Տեսնո՞ւմ եք,— բացատրեց օֆիցերը,— ոտքերի վիրքից երևում է, որ դիակը մերկացրած է դեռ չսառած կամ նույնիսկ կենդանի ժամանակ։

Ես շտապեցի հեռանալ։

Ահա թե ինչ ասել է պատերազմ։ Այդ միակ դիակը սառույցի վրա, ձյունի տակ ինձ համար մարմնացում էր ամբողջ մարդկային ողբերգության։ Չէ՞ որ նա էլ մայր ունի, քույր, գուցե և զավակներ․․․

Մշուշը սփռվեց մեզ վրա, և դիակների ձորը սարսուռ ազդեց իմ հոգուն, որ առանց այդ ևս ճնշված էր․․․

Բարձրացանք զառիվայրի գլուխը։ Կազակները հետիոտվեցին և, բռնելով ձիերի պոչն՝ այնպես իջան սառցապատ զառիվայրը։ Ես ևս իջա, յաբուս հանձնեցի մեր առաջնորդներից մեկին և քայլեցի ձեռնափայտիս օգնությամբ։ Վերջապես, ահա և՛ Դիադինը — մի մեծ գյուղ քրդաբնակ, տեղավորված մի փոքբիկ լեռան ստորոտում, ուր և գտնվում են հայտնի հանքային ջրերը։

Մեզ դիմավորեց տեղական կոմենդանտն իր կազակներով և առաջնորդեց դեպի մի խղճուկ տնակ, որ դատարկ էր։

— Ես իմ բնակարանից կուղարկեմ գորգեր,— ասաց նա,— մնացյալը կհոգա գյուղի ստարշինան։ Նա հայ էր։

Ասաց և շտապեց հեռանալ։ Այնուհետև մենք այլևս չտեսանք այդ մարդուն։

Գորգերը բերեցին, քրդական գորգեր։ Եկավ «ստարշինան»