Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/142

Այս էջը սրբագրված է

Իր մասին Մանուկովը պատմեց, որ մի ժամանակ եղել է ունևոր վաճառական և առևտուր է ունեցել Կովկասի հետ։

— Շատ անգամ գացեր եմ Թիֆլիս ու Երևան,— ասաց նա հառաչելով։— Ծովյանով եղբայրք կճանչնա՞ք։ Բանքա մը ունեին։

— Կճանչնանք։

— Անոնց քով երեսունևութ հազար ռուբլի դրամ ունեի։

— Հետո՞։

— Չդարձուցին։

— Կորա՞վ։

— Կորավ։

Հետո ինձ ուրիշ տեղացիներ ասացին, որ այդ կորուստը խեղճ մարդու վրա այնքան է ազդել, որ նա փորձել է անձնասպան լինել, բայց անհաջող։ Գնդակը կոկորդով անցնելով, դուրս է եկել վզից, և դրանից մի փոքր վնասվել է մարդու ուղեղը։

XI

Ալաշկերտի հովիտը, որով այժմ անցնում ենք, երկու լեռնաշղթաների միջանցքն է մի քանի տասնյակ վերստ լայնությամբ։ Աջ կողմի բարձունքները նայում են դեպի Կովկաս, ձախ կողմինը թեքված են դեպի Թուրքիայի խորքերը։

Գնում ենք շարունակ Եփրատի ափերով։ Նա տակավին սառած չէ, բայց արդեն սառույցի բեկորները լողում են նրա երեսին։ Այդ գետն է միայն, որ մի թեթև կենդանություն է տալիս, գրեթե ամայի տափաստանին. մռայլ ոչ միայն ձմեռը, այլև, երևի, և տարվա բոլոր եղանակներին, որովհետև որ երկիրը կարող է համարվել զվարթ առանց բուսականության։ Չկա մի կտոր անտառ, չկան թփեր անգամ, հազվագյուտ են հատ-հատ ծառերն իսկ գյուղերում։

Ավանդությունն ասում էր, որ հովիտը և նրա շրջակա լեռները մի ժամանակ զարդարված են եղել գեղեցիկ ծառաստաններով։ Անկասկած, այն ժամանակները եկել են վայրենի հորդաները և դրախտը մերկացրել իր սքանչելի զգեստներից։