Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/143

Այս էջը սրբագրված է

Փոքրաթիվ հայերն աշխատում են նորից զգեստավորել, բազմաթիվ քուրդերը չեն թողնում...

Ամեն մի նորաբույս ծառ դառնում է նրանց կացնի զոհը, ամեն մի բուրաստան ոտնատակ է լինում հրոսակների արշավանքից։

Չեմ հիշում որ գյուղում—մի հայ պատմում էր, որ մի անգամ ինքը փորձում է իր տան առջև այգի ձգել, տնկում է մի քանի հարյուր զանազան ծառեր. երկու թե երեք տարվա մեջ նրանք, հողի պարարտության շնորհիվ, այնքան բարձրանում են, որ նրանց ստվերում կարելի էր զովանալ ամառը։ Մի օր մի քուրդ ավազակախումբ գալիս է բոլոր ծառերը կտրտում։

— Ինչու՞ եք այդ անում,— հարցնում է տերը։

— Մենք չունենք այգիներ, դուք էլ չպիտի ունենաք,— պատասխանում են քուրդերը։

Դիադինի և Թաշլի֊Չայի մեջ կա մի հայաբնակ գյուղ Ուչ֊Քիլիսա անունով։ Դա միակն է, որ զարդարված է ծառերով, եթե չհաշվենք ողբերգական Զեթկանը, որ, ավա՜ղ, այժմ այլևս գոյություն չունի։

Երբ մոտենում էինք այդ գյուղին, հանդիպեցինք մի խումբ գերիների, բաղկացած 30—40 սիրիական արաբներից։ Մի տասնյակ ձիավոր կազակներ մտրակներով քշում էին նրանց դեպի Կովկաս։ Բոլոր այդ ողորմելիները փոքրահասակ էին և նիհար։ Ցրտից և երկյուղից նրանք դողդողում էին եղեգնի պես իրենց պատառոտված հագուստների մեջ։ Նրանց ածուխի պես սև աչքերն անդադար նայում էին աջ ու ձախ անասնական սարսափով, երևի, որ տեսնեն որ կողմից պիտի գա մտրակի հարվածը։ Մի քանիսն իրենց կիսամերկ շագանակագույն մարմինները ծածկած էին քրդական կեղտոտ վերմակներով։ Հոգնած էին, բայց քայլում էին արագ, ձիերին հավասար քայլով։ Այլ կերպ չէին կարող. վասնզի գիտեին, որ ետ մնացողի վիճակը պիտի լինի այն, ինչ-որ տեսանք հետո։ Դա նրանցից մեկի դիակն էր, ուղիղ ճանապարհի վրա ընկած երեսնիվար․․․

Ոմանք մեզնից կամեցան այցելել սուրբ Հովհանու