Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/144

Այս էջը սրբագրված է

վանքը, որ գտնվում էր Ուչ-Քիլիսայում, ճանապարհիս մի վերս հեռու։

Ասում են, որ այդ վանքում մի ժամանակ կաթողիկոսներ են օծվել։ Հետաքրքրականն ինձ համար այդ չէր, այլ ճարտարապետությունը։ Դժբախտաբար, այն էլ մի բանի նման չէր, եթե չափը որևէ արժեք ունի, կասեմ, որ հազիվ թե նրա մեծությունն ունենա մեր վանքերից որևէ մեկը—59 քայլ երկարություն և 33 քայլ լայնություն։ Շրջապատված է վանքը բազմաթիվ քարաշեն սենյակներով, որոնք, սակայն, հիմնովին ավերված են։

Երբ ներս մտանք, աղավնիների մի երամ թռավ մեր գլխի վրայով և թառեց վիթխարի, բայց անձև գմբեթի տակ։ Սալահատակը, պատերը, նույնիսկ սեղանը ծածկված էին նրանց կղկղանքով։ Երկու ահագին խորաններ ծառայում էին իբրև մթերանոց և լի էին ալյուրով, ցորենով ու գարով։ Սեղանը կողոպտված էր և կիսախարխուլ։ Ահագին քարեր դուրս էին ցցվել պատերի միջից պառավի ատամների պես և սպառնում էին ընկնել։

Գավիթը լիքն էր զինվորներով։ Նրանց ապուր էին բաժանում։

Տեր֊Նիկոլը չդիմացավ շարժական կաթսաներից բարձրացող շոգու հրապույրին և ինձ էլ հրապուրեց։ Փորձեցի տաք ապուրը ճաշակել, չկարողացա. ինչ-որ անծանոթ բաներ էին լողում նրա մեջ, թեև տեր-Նիկոլը համոզում էր ինձ, թե լոբի...

Մեզ դիմավորեցին մի խումբ ձիավորներ Ղազի-Քոյ անունով մերձակա հայաբնակ գյուղից։ Եկել էին մեզ հրավիրելու, որ իրենց գյուղում գիշերենք, ասելով, թե այնտեղ ավելի հարմարություն կա, բայց մենք արդեն հոգնել էինք, չէինք կարող ավելի հեռու գնալ։ Որոշեցինք գիշերել Տաշլի-Չայում։

— Որ այդպես է, տղերք, հյուրերին տարեք Բադոյի տունը,— հրամայեց ձիավորների մեջ ամենատարիքավորը, որին Հակոբ աղա էին անվանում։