Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/145

Այս էջը սրբագրված է

− Բայց Բադոյի տունը...− փորձեց ինչ֊որ ասել մի երիտասարդ և լռեց։

— Տարեք, կըսեմ,— գոչեց Հակոբ աղան իսկական աղայի տոնով,— Բադոն ուրախ կըլլա պատվավոր հյուրեր ընդունելու։

Գնացինք Բադոյի տունը, որ գտնվում էր գյուղի կենտրոնում։ Հիանալի էր, ուղղակի անսպասելի։ Մի առանձնակի կացարան էր, մաքուր բակով և համենայնդեպս մեր հոգնածության համար անսահման գրավիչ։

Փողոցում մեզ ընդունեց անժպիտ դեմքով, չալ մորուքով մի կարճահասակ մարդ, մռայլ և սև՝ ինչպես Հուդա ուրբաթը։ Նա հագած էր երկար արխալուղ, կարճ բաճկոն, գլխին ռուսական ֆուրաշկա, որ կեղտից փայլում էր, ոտքերին թուրքական չուստեր, որոնց վերևից, կարճ վարտիքի տակ, երևում էին սպիտակ գուլպաները։

Բադոն դա էր։

— Համեցեք,— հրավիրեց նա գերեզմանապահի եղանակով և մեզ առաջնորդեց մի սենյակ, որ լի էր զինվորական պարագաներով։

Առանց երկար մտածելու, շտապեցինք ազատվել մեր վերնազգեստից և թավալվել փափուկ մինդարների վրա։

— Պարոններ, դժբախտություն ,— ասաց հանկարծ Սմբատ Խաչատրյանցը։

— Ի՞նչ է պատահել,— հարցրինք մենք վախեցած։

— Ցուրտը մի ոտս տարել է։ Վա՜յ, անպատճառ ես զրկվելու եմ նրանից։

Մեր տրամադրությունը փչացավ։ Իսկ որ դժբախտություն։ Մարդուն բերել ենք երկու ոտքերով, պիտի ետ տանենք մի ոտով։ Կընդունե՞ արդյոք Երևանը մի ոտանի քաղաքագլուխ։

Սկսեցինք զանազան խորհուրդներ տալ մենք էլ, տեղացիներն էլ։ Մարդը չիմացավ որն ընդունի և վերջը կանգ առավ իր հնարած միջոցի վրա։ Նա ասաց․

— Բադո, կարող ես մի մեծ լագան բերել։

— Կրնամ,— պատասխանեց Բագոն անդրգերեզմանային ձայնով։

[1]

  1. 6 Շիրվանզադե․ Երկերի ժողովածու, հ. IX