Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/146

Այս էջը սրբագրված է

— Տաք ջու՞ր։

— Ան ալ կրնամ։

— Դե բեր, օղորմի քո հորը։

Բադոյի սպիտակ գուլպաները չքացան, և շատ չանցած սենյակի ուղիղ մեջտեղում դրվեց տաք ջրով լի մի պղնձյա տաշտ։

Մինչ մենք թեյ էինք խմում, Երևանի պատվելի քաղաքագլուխը ոտքերը մերկացրեց, վարտիքը բարձրացրեց մինչև ծնկները և դիք-դիք կանգնեց տաշտի մեջ, ձեռքերով պահելով իր փեշերը։

Բադոն ձեռով ծածկեց իր բերանը և գլուխը ծռեց մի կողմ։ Այդպես էր անում այդ մարդը, երբ ծիծաղի նման մի բան հանդգնում էր շարժել նրա դեմքի անշարժ մկանունքը։

— Ա՜հ, ո՜ւֆ, չի օգնիլ, չէ, կօգնե, ես կարծում եմ, ի՞նչ կասես ա, Բադո, ցավում է, ափսոս որ, երևի իմ բախտն էր․ հը, ի՞նչ ես կարծում, Հակոբ աղա, կանցնե՞, թե՞ չէ,— տնքտնքում էր նա շարունակ, առողջ ոտով հիվանդ ոտը տրորելով Բադոյի տաշտի մեջ։

— Ի՜նչ նուս-նուս մարդ է, տո,— ասաց քթի տակ տեր-Նիկոլը և, Բադոյի թևից բռնելով, քաշեց տարավ նրան դուրս։

Հասկացա ինչու համար։

Ներս մտան երկու ռուս օֆիցերներ, որոնցից մեկը ձեռքում բռնել էր մի մորթած և փետրած հավ։ Մեզ տեսնելով նրանք մնացին ապշած։

— Համեցեք, պարոններ,— հրավիրեցինք անսպասելի հյուրերին։

— Ներեցեք, դուք ովքեր եք, որ եկել եք մեր տանը նստել, — հարցրեց մորթած և փետրած հավ ունեցողը, առաջ նայելով մեզ, հետո Բադոյին, որ դարձյալ քիթն ու բերանը ծածկած նայում էր կողքին։

Սրբազանը բացատրեց, թե ովքեր ենք։ Հակոբ աղան, որ արդեն սկսել էր ռուսերեն խոսել, ավելացրեց․

— Эту епискпос, Эчмиадзин приехал. Эту да кости.

Բայց երկուսից էլ ավելի պերճախոս եղավ Հովսեփ