իսկ թանկությո՞ւնը ։ Երևակայեցեք, մի բուռն հինգ կոպեկանոց մախորկան գնում ենք երկու ռուբլով։ Հեշտ է նստել տաք կաբինետներում և Թուրքիան գրավել կարմիր մատիտով քարտեզի վրա։ Ոչ, պարոններ, մեզ համար ճշմարտության դառնությունն ավելի հաճելի է, քան ռեկլամը...
Ընթրիքը, որ տեր֊Նիկոլի շնորհիվ դարձել էր կատարելապես Լուկուլոսի սեղան, վերջացավ զվարճաբանությամբ և անեկդոտներով։
XII
Հետևյալ առավոտ ուղի ընկանք սովորականից կանուխ։ Գնում ենք Ղարա-Քիլիսա բայց խոսք ենք տվել ճանապարհին Ղազը-Քեոյում հյուրասիրվել Հակոբ աղա Տեր-Ստեփանյանի տանը և ծանոթանալ գյուղի վիճակին։
Ահա մի երջանիկ ընտանիք, բաղկացած երեք թե չորս սերունդներից և երեսուն հոգուց։ Գոմից լսվում է տավարի բառաչյունը. ամբարներում դեռ ցորեն ու գարի կան―հազվագյուտ բան այս ավեր երկրում։ Սենյակը, ուր մեզ ընդունում են զվարթ դեմքերով, զարդարված է գորգերով, կանայք, երեխաները ցնցոտիների մեջ չեն։ Մի՞թե թշվառությունը, որ ընդհանուր է, իր սև թևերով չի շոշափել այս միակ տունը։ Ավաղ, այդպես չէ՛ Հակոբ աղան խելացի է, լեզվանի, հնարագետ, բայց և այնպես նա ահագին կարողության միայն մի մասն է կարողացել ազատել ավարից։
Մեզ հյուրասիրում են բաց սրտով այնպես, ինչպես կարող է միայն անաղարտ նահապետական հայ ընտանիքը հյուրասիրել։ Մի հյուրընկալություն, որի մասին եվրոպական գյուղացին գաղափար անգամ չունի։ Փորձեցեք որևէ վարձ առաջարկել այդ մորթվող ոչխարի, բրնձի, յուղի, թեյ ու շաքարի համար, և տեսեք ինչպես կվիրավորեք նրանց։ Նրանք մի վարձ են միայն սպասում ձեզնից, մի ակնկալություն միայն ունեն―քաջալերական խոսք և խրախույս ապագայի վերաբերմամբ։ Այդքանը մենք գոց գիտենք, և ահա Խորենն ասում է այն, ինչ որ ասել է բոլոր գյուղերում և դեռ շատ անգամ պիտի կրկնի։