Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/15

Այս էջը սրբագրված է

այն նպատակով, որ այդտեղ նրանք իրանց քաջությունը գործ դնեն ավելի խորհրդավոր գործի համար։ Չոփուռի որդիները հասկանում են այս մարդկանց առաջարկությունը և համակրում։ Բայց չի համաձայնում միայն Ղուկասը. սա նշանած է լինում մի աղջկա հետ և վճռում է անպատճառ պսակվել օրինավոր կերպով և այնուհետև յուր երկրից հեռանալ: Եվ պատմում են, թե ամեն գիշեր նա ծպտյալ հագուստով այցելություն էր անում լուր հարսնացուին։

Այսպես՝ չորս կողմից պաշարված՝ նրանք թափառում են անտառներում, ամեն անգամ իրանց տեղը փոխելով։

Մի անգամ Չոփուռի որդիները մի ձորում հանդիպում են որոնող կազակների և գյուղացիների ահագին խմբին, իսկույն սկսվում է հրացանաձգությունը, կազակներից մեկը սպանվում է, մի քանիսը վիրավորվում են, իսկ մնացյալը փախչում են։

Վիրավորվում է և Չոփուռի մեծ որդին՝ Սողոմոնը։

Անցնում է մի քանի օր, վիրավորվածը չի առողջանում, թեև վերոհիշյալ մարդը ամեն օր նրա համար բերում է սպեղանիներ։ Հանկարծ վարչությունը լսում է, թե ավազակները դարձյալ օգնություն են ստանում և իմանում է, թե ում ձեռքով։ Նա բռնում է մեղավորին և պահանջում է՝ անհապաղ ցույց տալ Չոփուռի որդիների տեղը, մատնել նրանց։ Գյուղացին չի խոստովանում, թե գիտե նրանց տեղը։ Վարչությունը սկսում է սպառնալ, երկչոտ գյուղացին համաձայնում է մատնել և ահա ինչպես։ Նա մի օր, սովորական ժամին, ուտելիք է վերցնում և գալիս է նշանակված տեղը, ավազակների մոտ։ Նա հարցնում է և տեղեկանում, թե մյուս օրը նրանք ո՛ր ձորումն են պատսպարված լինելու այսինչ ժամին։ Հետևյալ օրը նշանակված ժամին՝ գյուղացու առաջնորդությամբ՝ ոստիկանապետը մի քանի հարյուր կազակներ և մի քանի հարյուր սպառազինված գյուղացիներ հետը վերցրած հանկարծակի գալիս է այնտեղ, ուր պատսպարված են լինում ավազակները։ Մոտ հազար մարդից բաղկացած բազմությունը շրջապատում է հինգ եղբայրներին:

Նախկին կռվում վիրավորված Սողոմոնը պառկած է լինում սաստիկ տաքության մեջ։ Եղբայրներից մեկը շալակում