Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/150

Այս էջը սրբագրված է

մեր ճանապարհի վրա է։ Իջնում ենք ձիերից և դյուղացիների խուռն բազմության հետ մտնում ենք եկեղեցի։ Դժվար է ասել ինչով է այդ շինությունը տարբերվում ողորմելի խրճիթներից՝ բացի իր ավելի խղճուկ տեսքից։ Կիսով չափ նա գետնափոր է, իսկ մյուս կեսը ներկայացնում է հողի գետնաքարերի և խռիվի խառնուրդ։ Մաղի պես ծակծակոտ առաստաղը հենված է երեք-չորս փտած ու բորբոս¬ նած սյուների վրա։ Թվում է, որ բավական է մի թույլ հարված սյուներից մեկին, և ամբողջ շինությունը կխորտակվի ինչպես հավաբուն։

Ահա թե որտեղ է թուրքահայն անաղարտ պահել ու պահպանել իր նախահայրերի կրոնը. դարեր շարունակ, քրիստոնեության ոխերիմ թշնամիների մեջ։ Լավ է արել թե վատ, այդ այլ խնդիր է, բայց դա նրա հոգեկան անասնական կորովի զորավոր ապացույցն է, և միանգամայն արդարացի է Սմբատ Խաչատրյանցը, որ ասաց.

— Հայ ժողովուրդ, ես խոնարհվում եմ քո առաջ։ Դա միակ խոսքն էր, որ պիտի արտասանվեր այդ կիսամերկ ամբոխի հասցեին, և արտասանվեց ամենայն անկեղծությամբ։

Երբ եկեղեցուց դուրս էինք գալիս, տեսա մի պատկեր, որ երբեք չպիտի մոռանամ։ Խարխուլ դռների առջև, ձեռները վրծքի վրա դրած կանգնած էր տեր-Հովհաննեսը, չգիտեմ որ գյուղի քահանան։ Պարթև հասակով, սքանչելի նահապետական դեմքով մի մարդ, որի կլասիկական գեղեցկությունը խորին պատկառանք էր ներշնչում։ Արցունքի երկու և միայն երկու կաթիլներ ընկան նրա խոշոր աչքերից և կանգ առան այտերի վրա, փայլելով մայր մտնող արեգակի թույլ ճառագայթների տակ։ Մարդը վիշտ ուներ, թուրք զինվորները նոր էին սպանել նրա միակ որդուն։

Ծերունին խոնարհվեց և քրիստոնեական հեզությամբ բռնեց եպիսկոպոսի ձիու ասպանդակը։ Թվաց ինձ, որ չպիտի թույլ տրվեր նրան այդ անել. թվաց ինձ, որ հակառակը պիաի լիներ հանուն այն վսեմության, որ կոչվում է մարդկային վիշտ, որի առջև պիտի խոնարհվեն ամենքը և որի առջև պիտի ոչնչանան բոլոր աստիճանները...