֊ Եվ անցնել Դայա՞ր։
Գեներալը տատանվեց իսկույն պատասխանելու։ Մտածեց և ասաց անորոշ.
― Այդ էլ կասկածելի
— Ինչո՞ւ։
— Գիտեք, ես խորհուրդ եմ տալիս ձեզ վերադառնալ նույն ճանապարհով, որով եկել եք, և Իգդիրի վրայով անցնեք Սարիղամիշի կողմերը։
— Բայց այդ ահագին ժամանակ կխլե մեզնից։ Մինչդեռ Դայարն այստեղից երկու օրվա ճանապարհ է։
— Փույթ չէ, փոխարենը դուք ավելի ապահով կճամփորդեք։
— Զուր եք անհանգստանում մեր ապահովության մասին։ Անձրևի տակ ընկնողը թրջվելուց չպիտի վախենա։ Գեներալը նորից մտածեց և ասաց.
— Չե՞ք կարող արդյոք մի օրով հետաձգել ձեր ուղևորությունը։
— Կարող ենք, բայց ինչո՞ւ։
— Որպեսզի ես կարողանամ որոշ պատասխանել ձեր հարցին՝ կարելի՞ է անցնել Դայարը, թե՛ ոչ։ Այս երեկո ես այնտեղից սպասում եմ կարևոր լուրերի։
— Լավ, կսպասենք։
Խոսք բացվեց կամավորների երկրորդ խմբի մասին։ Կամեցանք իմանալ այս անգամ մի զինվորականի կարծիքը, որ ինքն էլ կովկասցի էր և ոչ ռուս։
Քանի մի մութ ակնարկների, մի հարատև հեգնական ժպիտ ոչ ռուս ազգի գեներալի երկարավուն կարմիր-կապտագույն դեմքի վրա, և մենք հասկացանք նրա տրամադրությունը, որ հարկավ անհաճո էր մեզ համար։
Հետազայում փաստերը հաստատեցին, որ մեր տպավորությունը ճիշտ է եղել։
Ակնարկ եղավ տեղական հայերի անմխիթար կացումթյան մասին։
Գեներալն ասաց․
— Այստեղ հայերը զբաղված են միայն կողոպուտով։
— Ո՞ւմ են կողոպտում։