Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/153

Այս էջը սրբագրված է

— Թուրքին և քուրդին։

Մեր տեսակցության ժամանակ ներկա էր գեներալի շտաբի գլխավոր գնդապետ Լ.֊կին։ Այդ մարդը կրկնում էր բոլորը, ինչ որ ասում էր իր մերձավորը։

Փորձեցինք կատարել առևանգված Գյոզալի հոր և եղբայրների խնդիրը զենքի մասին։

— Այդ մարդկանց հրացան տալը միանգամայն ավելորդ է,— մեջ մտավ իսկույն ևեթ գնդապետը։

— Ինչո՞ւ։

— Որովհետև այդ աղջիկը սիրահարված է իրեն առևանգող քրդի վրա։ Նա իր կամքով էր փախել Իսայի հետ։

— Ո՞վ ասաց ձեզ։

— Ինքը քուրդը։

— Եվ դուք հավատո՞ւմ եք այդ բանին։

— Ինչո՞ւ չպիտի հավատալ։ Քուրդն ասում է. «Կանչեցեք աղջկան և հարցրեք. եթե նա չխոստովանի, որ ինձ սիրում է, ես ձեռք կվերցնեմ նրանից»։

— Դուք հարցրե՞լ եք աղջկան։

— Դեռ ոչ։

— Գիտեք, պարոն գնդապետ, երբ մի քուրդ առևանգում է հայ աղջկան, մահվան սպառնալիքով ստիպում է նրան ասել, որ սիրահարված է իր առևանգողի վրա։ Եթե չասի, քուրդը կսպանե նրան։ Այս բանը, երևի, ձեզ հայտնի չէ։

— Այսպես թե այնպես,— վճռեց գեներալը,— ես հայերին զենք տալ չեմ կարող...

Մեզ մնում էր հրաժեշտ տալ գեներալին։

Վերադառնալով մեր կացարանը, տեր-Նիկոլին գտա զվարթ տրամադրության մեջ․

— Հարիսա կերա,— ասաց նա, ձեռով շփելով իր փորակապը, որ բավական բարձրացել էր։

— Ո՞րտեղ։

— Այ, այս տան ներքին հարկում։ Այնտեղ մի հայ ընտանիք կա, եփել Էր, ինձ էլ մեծարեց։

— Մենակ։

Պատվիրեցի, որ վաղն առավոտյան պատրաստեն ամենքիս համար։