Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/16

Այս էջը սրբագրված է

է նրան, որ փախցնի, չնայելով, որ նա աղերսում է լուր եղբայրներին, որ ձգեն նրան կազակների ձեռքը և իրանք փախչեն:

Սկսվում է մի տարորինակ պատերազմ, մի կողմից՝ հինգ եղբայրներ, մյուս կողմից... մի ահագին զորք։ Միաժամանակ պարպվում են հարյուրավոր հրացաններ. գնդակի մեկը կպչում է վիրավորված Սողոմոնին և սպանում, հետո սպանվում է մյուս եղբայրը, հետո երրորդը։ Բայց դեռ կենդանի են Ղուկասը և ամենակրտսեր եղբայրը։ Սրանք թաքնվում են մի մեծ թփի հետևում և դեռ շարունակում են քաջությամբ հրացան արձակել. սպանում են մի կազակ, մի քանիսին էլ վիրավորում։ Երբ նրանց փամփուշտները (պատրոն) վերջանում են, այն ժամանակ միայն փորձ են անում փախչելու։

Կռվին մասնակցող անձինք պատմում են, թե երբ Ղուկասը դատարկ հրացանը ձեռին հանկարծակի առյուծի պես դուրս վազեց թփի հետևից՝ հարյուրավոր լեզգիները և կազակները մի ակնթարթում ցիրուցան եղան։

Ղուկասին հաջողվում է փախչել, կենդանի բռնվում է միայն ամենակրտսեր եղբայրը, որ դեռ պատանի հասակումն է։ Վերջինը ներկայումս բանտումն է. Թիֆլիսի քրեական դատարանը ենթարկել է նրան հավիտենական աքսորանքի։ Իսկ Ղուկասը անհայտացած է։ Այժմ պատմում են, որ նա կրկին երևան է եկել և մի խումբ թուրք ավազակների հետ երբեմն դեգերում է Խոժոռնիի և ՈՒչքիլիսի անտառներում, երբեմն անհայտանում է... Իսկ նրա կենդանի մնացած թշնամիները այժմ անասելի սարսափի մեջ են:

Ահա այսպիսի պատմություններ էր անում հայր Գեղամը, և մենք ուրախ էինք, մանավանդ ուրախ, որ ինքը ևս ոգևորվում էր...

3

Առավոտյան Գեղամ վարդապետին խնդրեցինք, որ մեզ ցույց տա Հաղբատի վանքը և նրա կից հնությունները, որոնց մասին այնքան լսել էինք և կարդացել: