Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/165

Այս էջը սրբագրված է

պես, որ օդի պակասությունից և անասելի կեղտի հոտից զգացի սրտխառնուց և գլխացավ։

Մարդիկ միմյանց հրում էին, բոթում արմունկներով, հայհոյում, բարձրանում իրարու ուսերի վրա, մեզ ավելի մոտիկից տեսնելու և մեզ ավելի պարզ լսելու համար։ Իսկ մեր խոսքի տերն համարում էինք իրեն, Խորեն եպիսկոպոսին։ Մի արտոնություն, որը նրանից խլելու ոչ մի ցանկություն չունեինք, մանավանդ ես։

Մի շարք շտապ հարց ու պատասխանից պարզվեց, որ Խասթիրի վիճակն այնքան թշվառ չէ, որքան մյուս հայ գյուղերի։ Մուստաֆա աղա անունով քուրդ աշիլեի որդի Հասան աղան իր չորս եղբայրների հետ գյուղը պաշտպանել և ազատել է կոտորածից ու կողոպուտից։

Եկավ Հասան աղան իր եղբայրների հետ։ Ողորմելի արարածներ—կատարյալ նման այն մուրացկան եզդիներին, որ թափառում են Կովկասում։ Տպավորությունն այնքան խղճուկ է, որ ես ապշում եմ, թե ինչպես 160 տնից և յուրաքանչյուր տուն 25—35 հոգուց բաղկացած մի բազմություն չի ամաչել իր ճակատագիրը հանձնել այդ որդերին։ Մեզ շրջապատող բազմության մեջ կային հսկաներ, որոնք իրենց հուժկու բազկով կարող էին հինգ եղբայրներին միասին խեղդել։ Եվ այդ մարդիկ չէին քաշվում նույնիսկ մեր ներկայությամբ վիզները ծռած և ձեռքները ծոցը դրած շոյել ու շողոքորթել քուրդերին։

Հասան «աղան» և իր եղբայրները չունեցան բարերարողների տարրական վեհանձնությունը և պարծեցան ոչ ինչպես «աղաներ»։ Երբ բարերարությունը բարերարվողի երեսին է տրվում, թքիր բարերարողի երեսին։ Հասանն ու իր եղբայրներն ավելի առաջ գնացին։ Նրանք չթաքցրին իրենց զղջումը։ Պարզվեց, որ մարդիկ ինչ ինչ ակնկալություն են ունեցել և այժմ հուսախաբված են։ Զինվորական իշխանությունը հաշվի չի առնում նրանց պաշտպանությունը։

Իսկ հայերը ի՞նչ կարող էին անել, ինչո՞վ վարձատրել քուրդ «ազնվականներին»։ Նյութականով միայն, հարկավ։ Այն ինչ նրանք իրենց ունեցածը տալիս էին ռուս զորքերին և տալիս էին ձրի. ու դեռ կողոպտվում էին