Այնտեղ խմբված էին մի քանի գյուղացիներ։
— Բարի գալուստ, — դիմավորեց մեզ մի ծերունի,— շնորհ ըրեք իմ հյուրերն ըլլալու։ Հոգ չէ, որ ավերված եմ քրդերեն ու... Հոգ չէ Պողոս Մուրադյանին տանը ձեզի նման մեծարժեք հյուրերին համար բան չի պակսիր..․ Գալո, տար ձիեր գոմ, լավ կերակրե...
Եվ առաջնորդեց մեզ օդայի ներսը։ Անցանք մի մութ անցք, որի հատակը ծածկված էր կեղտոտ հարդով, ապա երկրոդը և մտանք ծերունու կացարանը։ Մի մութ սենյակ հողյա հատակով և ծխից սևացած առաստաղով։ Աջ ու ձախ գտնվող գոմերից նա բաժանված էր կավյա ցածր միջնորմներով։ Խորքում օջախի մեջ մխում է չորացած աթարը, միակ վառելիքն այդ երկրում։ Ձյունի փափուկ քուլաները թափվում էին ներս առաստաղի մի մեծ ծակից, որ սենյակի միակ լուսատուն էր։ Մեկը վազեց, բարձրացավ կտուրը և աթարը կափարիչը ձգեց լուսամուտի վրա։ Մի ուրիշը ծուլորեն վառեց պատից քարշ արած թիթեղյա լամպարը, և սենյակը ավելի խավարեց։
Անմիջապես դռների առջև ժողովվեց գյուղացիների բազմությունը, որոնց թվում և մի երկու-երեք ծեր կանայք, բերանները ծածկած։
Սպասում էի, որ վարդապետը պատմե վերջին անցքերը։ Բայց նա լուռ էր։ Նստեց ծալապատիկ մի անկյունում և լռեց մինչև վերջը, անիմաստ աչքերը չհեռացնելով եպիսկոպոսի դեմքից։
Խոսում էր մեծ մասամբ Պողոս Մուրադյանը և խոսում էր ազատ, մաքուր արևմտյան դրական բարբառով։ Հայտնվեց, որ այդ գյուղացին ոչ միայն գրագետ է, այլև ընթերցասեր։ Ավելի քան քառասուն տարի է նա կարդում է Պոլսո լրագգիրները։
— Կցավիմ, որ «Բյուզանդիոն» չի գար։ Փոստային հաղորդակցություն Պոլսո հետ խափանած է։ Մասնավոր լուրեր ալ չունինք։ Սակայն գիտեմ Վիլհելմին ըրածը։ Այն եղավ հեղինակ այս սոսկալի պատերազմին։ Աշխարհ հրդեհեց իր փառքին համար։ Շատ պիտի զղջա։ Ձեր կողմերեն եկած կամավորները կսեն էնվեր խելքը կորսնցուց։ Սուլթան ալ չկրցավ