Պետք է ասել, որ մեզանից ոչ մեկը հնություններ ուսումնասիրելու դիտավորությամբ չէր եկել Հաղբատ և ոչ էլ մեր փոքրիկ ճանապարհորդությունը մի որոշ նպատակ ուներ։ Մենք դուրս էինք եկել մի թեթև զբոսանք կատարելու— ուրիշ ոչինչ, ուստի ներելի է ինձ իմ տեսած հնությունների մասին խոսել որպես մի հասարակ զբոսաշրջիկ (տուրիստ), թողնելով մի կողմ այն մանրամասնությունները, որոնք մի մասնագետ հնախույզի միայն կարող են հետաքրքրել։
Իբրև հնություն՝ Հաղբատի վանքը ուսումնասիրել են շատերը և նրա մասին կան բավական թվով դրական աշխատություններ, որոնցից ավելի ուշադրության արժանի է Սարգիս վարդապետ Ջալալյանցի «ճանապարհորդություն ի մեծ Հայաստան» գրքի առաջին հատորը, իսկ նորագույններից՝ Ալ. Երիցյանի հոդվածները, վանքի գեղեցիկ լուսանկարներով և արձանագրություններով, տպված 1872—73 թվականին նրա խմբագրությամբ հրատարակված «Кавказская старина» հնագիտական ամսագրի 2 և 3 համարներում։
Ավելի ընդարձակ է Ռոստոմ-բեգ Երզնկյանցի «Հնախոսական տեղադրություն Հաղբատա աշխարհահռչակ Վանից սր. Նշանի» գրությունը, որ 1886 թ. լույս տեսավ գրաբար լեզվով Վաղարշապատում։ Հեղինակը, ինքը հաղբատեցի լինելով, երկար ժամանակ բարեխղճությամբ ուսումնասիրել է իր հայրենիքի նվիրական հնությունները պատմության համար լույս է ընծայել մի գեղեցիկ նյութ։
Այս բոլոր աշխատություններից հետո ինձ մնում է հաղորդել ընթերցողներիս միայն ընդհանուր տեղեկություններ և իմ անձնական տպավորությունները։
Դրսից առաջին հայացք Հաղբատի վանքը մի առանձին տպավորություն չգործեց, գոնե ինձ վրա։ Մի քանի կիսախարխուլ շինություններ՝ մամռապատ գմբեթներով և առանց գմբեթների, պատերը դրսից ճեղքված և քարերի միջից դուրս բուսած խոտերով ծածկված, մռայլ, ողորմելի, որպես շատերը մեր հին եկեղեցիներից — ահա ընդհանուր տպավորությունը։ Բայց այլ էր, երբ ավելի ուշադրությամբ սկսեցինք նայել և երբ մանավանդ մեջը մտանք և սկսեցինք զննել ներսից պատերը, սյուները, գմբեթները, խաչերը։