վեր,— պատասխանեց Գարոն, ըստ սովորության, խույս տալով չափազանցություններից։
Եվ մի քանի վայրկյան լռելուց հետո, շոյեց իր նժույգի բաշն ու ավելացրեց.
— Պայմանները շատ դաժան են։
— Բայց կարողանո՞ւմ են ընտելանալ։
— Ինչո՞ւ չէ, միայն ռուսահայերն ավելի դժվարությամբ, քան թուրքահայերը։
— Ինչի՞ն եք վերագրում այդ։
— Կենցաղների տարբերությանը։ Թուրքահայի կյանքն ավելի դաժ-ան է եղել, քան ռուսահայինը։ Բացի դրանից, նա ավելի է ծանոթ երկրի պայմաններին։
— Հա՞շտ են վարվում իրարու հետ։
— Այո, թեև երբեմն իրարու խայթում են։ Բայց գիսցիպլինա ճանաչում են և ենթարկվում։
— Ի՞նչ կասեք քրդերի մասին։
— Դաժան են, բայց ոչ քաջ։
— Եվ դիմացկուն,— ավելացրի ես և ցույց տալով այն մի խումբ քրդերին, որ գնում էին մեր առջև և մեր հովանավորության տակ, շարունակեցի.— տեսնում եք ինչպես են քայլում այդ նոմադները։ Մի արշին ձյուն, իսկ իրենք կիսամերկ, կիսաբոբիկ։ Ահա դրա մեջ է քուրդի առավելությունը։
— Այդ ճիշտ է,— պատասխանեց Գարոն։
Արդարև, մի առավելություն, որ ռուս զորավարները չէին նախատեսել իրենց ասելով։ Ասիական Թուրքիայում պատերազմի կեսը բնության դեմ է։ Եվ ոչ ոք չի կարող նրա արհավիրքներին դիմանալ այնպես, որպես քուրդը։ Դաշտերի ձյունը, լեռների բուքն ու բորանը, ժայռերի սուր բարձունքները, կիրճերի խորդուբորդերը, սրանք են քուրդի մայրենի տարերքը։ Նրա համար ոչինչ է և՛ քաղցը, և՛ մերկությունը, և՛ խոնջությունը, երբ հարկավոր է կռվել բնության դեմ։
— Իսկ ի՞նչ կասեք թուրք զինվորի մասին,— հարցրի ես։
— Թուրքը,— պատասխանեց Գարոն, ըստ սովորության կանխապես խորհելով,— նա այլ բան է։ Թուրքը զինվոր է և