Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/179

Այս էջը սրբագրված է

բեռնակիր ձիերից մեկը, իմ ձին տալով կամավորներից մեկին։

Ոչ մի բանում մարդկանց բնույթն այնպես շուտ և այնպես ճիշտ չի որոշվում, որպես թղթախաղի և ճամփորդության մեջ։ Թե՛ այնտեղ և թե՛ այստեղ պահանջվում է փոխադարձ զիջողություն։ Նա, որ թղթախաղի մեջ ռեմիզ չի դնում, կարող է, իհարկե, մի անգամ տածել, բայց երկրորդ անգամ նրա հետ չեն խաղում, իրենց բարեկամներին էլ զգուշացնում են չխաղալու...

XX

Ա.—րս գյուղում, որի բնակիչները Թուրքիայի հպատակություն ընդունած կովկասյան թուրք գաղթականներն էին, պատահեց մի անախորժ դեպք, որ մեզ վրա թողեց շատ ծանր տպավորություն։ Մեզ ուղեկցող կամավորներից մեկը, այն ժամանակ, երբ մենք գյուղից անցել էինք, այնտեղ վեճի է բռնվում մի խումբ թուրքերի հետ և նրանցից երկուսին սպանում է ու մեկին ծանր վիրավորում։

Երկար ժամանակ մարդասպանը չէր համարձակվում երեվալ մեզ։ Երբ, վերջապես, մոտեցավ, նրա փոքրիկ խոր ընկած աչքերը տակավին լի էին արյունով և հաստ բեղերի տակ կապտած շրթունքները դողում էին։

— Ի՞նչպես հանդգնեցիր այդ անել,— գոչեցի ես մինչև հոգուս խորքը վրդովված։

— Եթե չանեի, իրենք պիտի սպանեին ինձ։

Դիադինի վերելքը բարձրանալով, իջանք մի ձոր, ուր մեզ առաջնորդող դազորը այլևս չերևաց։ Մենք կորցրեցինք նրանց ձիերի հետքը ձյուների մեջ, որոնց բարձրությունը հասնում էր մինչև ասպանդակները մեր ձիերի։

Երկար ժամանակ գնում էինք մոլորության մեջ, Հանի միապաղաղ ճերմակությունը թաքցրել էր երկրի խորշերը։ Թվում էր, որ մեր առջև տարածված է հարթ—հավասար մի անապատ, անվերջ, անեզր, որպես օվկիանոս։ Այն ինչ՝ շարունակ իջնում ենք փոսերի մեջ և բարձրանում բլուրների վրա, որպես ալիքների հաճույքին ձգված նավակների քարավան։