Ամեն անգամ նայելիս մեզ համար բացվում էին նոր և նոր գեղեցկություններ, քանդակագործության և ճարտարապետության հրաշալիքներ, և մենք հիանում էինք այն արվեստագիտությամբ, խելքով, իմաստով և, որ գլխավորն է, գեղարվեստական նուրբ ճաշակով, որոնցով օժտված են եղել մեր նախահայրերը տասնյակ դարեր մեզանից առաջ։
Առաջ մենք մտանք Ավագ ս. Նշան կաթողիկե եկեղեցին: Դա ինքն է հռչակավոր մենաստանը, որ իր հնությամբ ամենից առաջինն է համարվում բոլոր իրան կից շինություններից։
Մեր հին պատմագիրների մեջ տարաձայնություն կա այս մենաստանի շինության մասին։ Ասողիկ, Վարդան Բարձրբերդցին, Մատթևոս և Մինաս Համթեցին նրա շինությունը վերագրում են Աշոտ Ողորմածի ամուսին Խոսրովանուշ թագուհուն, իսկ Սիրակոս Գանձակեցին, լռելով Խոսրովանուշի մասին, վանքի շինությունը ընծայում է Աշոտի կրտսեր որդի Գուրգենին։
Նույն տարաձայնությունն երևում է և վանքի շինության վերաբերմամբ։ Ոմանք ասում են, թե նա շինված է քրիստոսի 961 թվականին, ոմանք թե՝967 թ., իսկ ոմանք՝ 991 թ. և այլն։
Բայց վանքի պատմությունը և նրա բոլոր արձանագրումթյուններն ուսումնասիրած մեր ժամանակակիցները — հանգուցյալ Սարգիս վարդ. Ջալալյանցը, Երիցյանը և Երզնկյանցը– համաձայն են, որ վանքի շինությունը սկսված է 967 թվականին, թագուհի Խոսրովանուշի ձեռքով «վասն փրկության և արևշատության որդվող իւրոց Սմբատայ և Գուրգենայ»։ Իսկ ավարտվել է այդ շինությունը, Երիցյանի ենթադրությամբ, մոտ 15—20 տարվա ընթացքում Աշոտ Ողորմածի որդիների՝ Սմբատի և Գուրգենի (Կյուրիկե) կամ Դերենիկի իշխանության ժամանակ։
Այս իսկ պատճառով վերջինների մարդաչափ արձանները փորագրված են տաճարի արևելյան որմի ճակատում դրսի կողմից։ Այս երկու կանգուն արձանները իրենց ձեռքում բռնած ունեն տաճարի կաղապարը, որ նվիրում են աստուծուն:
Արձանների տակ երևում է մի փորագրած ծածկագիր