Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/181

Այս էջը սրբագրված է

գեղեցկությունը կարող է մոռանալ տալ ամեն բան։ Համենաըն դեպս նա անզոր է քաղցէ և մանավանդ մարմնավոր ցավի դեմ։ Այն պահին, երբ երկինք ու երկիր պարզել էին մեկն իրենց բյուրավոր հրաշալիքներից, ես ուժասպառ ձիուս վրա գալարվում էի ոտիս սոսկալի ցավից և անիծում բնությունը, որ ոչնչով մեղսակից չէր մի եպիսկոպոսի անզգայությանը, մտանք պղնձագույն ժայռերի ցանցերի մեջ, և ես հիշեցի մանկության օրերի Պղնձե Հազարը։ Երկար ժամանակ պտըտում էինք ոլորապտույտ անցքերի մեջ։ Երբ վերջապես դուրս եկանք ցանցի միջից, իջանք մի նոր ձոր, և այդտեղից սկսվեց Մոսունի զառիվարը։ Մեր հոգնած ձիերը գերբնական ճիգեր էին անում հաղթելու գրեթե ուղղահայաց թեքվածքը լեռան, որի մի կողմը խորը ձոր էր։ Թվում էր, որ բավական էր նրանց կողմից մի անզգույշ քայլ, և մենք կգտնենք մեր հավիտենական օթևանը խավար անդունդների մեջ։

Մութն արդեն սկսվել էր, երբ բարձրացանք զառիվարի գլուխը։ Այժմ պիտի իջնենք։ Իմ ողորմելի ձին հազիվհազ քայլում էր, ով գիտե, ինչպես անիծելով ինձ, որ մեղավոր չէի բնավ։

Ես այլևս գրեթե ոչինչ չէի տեսնում, բացի մեր քարավանի սև գծից, որ քարշ էր ընկել ուղղահայաց կաթնագույն զառիվերի վրա, ինչպես պարանը պատի վրա։ Նկատեցի, որ իմ առջև գնացողները ձիերից իջան։ Կնշանակե, վտանգավոր է ձիով գնալը։

— Խորհուրդ եմ տալիս չիջնել, ես էլ չեմ իջնելու,— ասաց իմ առջև գնացող օֆիցերը։

Բայց շատ չանցած նա ավելացրեց.

— Անհնարին է, ձիերը չեն կարող մեզ պահել, պետք է իջնել։

Հարկավոր էր բավական ժամանակ սպասել անշարժ, որպեսզի ոտիս ջիլերը ուղղվեն, և ես կարողանամ ձիուց իջնել։ Բայց հենց որ իջա, թաղիքյա կոշիկներիս սրոցի պես հղկված ներբանները սլկվեցին, և ես, ձիու սանձը բաց թողնելով, ընկա մեջքիս վրա։ Ձյունը ծածկված էր սառույցի թաղանթով, ուստի սահեցի բնական սահնակի վրա և թվաց ինձ, որ պիտի սահեմ մինչև ձորի խորքը։ Բայց հանդիպեցի քարերի, որոնք