պահեցին ինձ։ Կանգնեցի ոտքի, նորից ընկա։ Դժբախտաբար , Դիադինում ձեռափայտս փոխարինել էի մտրակով, որի կարճ կոթը չէր կարող ծառայել ինձ իբրև հենարան։ Նորից ընկա, նորից պահեցի, այս անգամ փորիս վրա, դարձյալ քարերը բռնեցին ինձ։ Եվ այսպես գուցե երեսուն անգամ։ Երևակայում եմ ինչ կոմիկական պատկեր կներկայացնեի, եթե մեկն այդ ժամանակ դուրս բերած լիներ իմ լուսանկարը և ցույց տար սինեմատոգրաֆում։
Նայում էի առջևս ձգված պարանին և անհամբեր հետևվում, երբ պիտի նա փոխե իր ուղղահայաց դիրքը։ Բայց այդ գիծը շարունակ թեքված էր գլխիվար։
Ահ, վերջապես, նա ուղղվեց։ Կնշանակե մենք արդեն ձորումն ենք։
Մթության մեջ չգիտեի ինչ դրության մեջ են իմ ընկերները։ Բայց զգում էի, որ նրանք էլ ինձ նման անիծում են այդ օրվա դանքիշոտյան ճամփորդությանը, որ որքան երեխայական ու ծաղրելի էր, նույնքան և վտանգավոր։
Այժմ կարելի էր ձի նստել, դժբախտաբար նստեցին։ Երկիրը սառած էր ու քարքարոտ։ Ուժասպառ կենդանին, հազիվ մի հիսուն քայլ արած, ընկավ գլխի վրա և ինձ էլ գցեց։ Աջ ոտս, որ առանց այդ էլ երջանիկ վիճակում չէր, մնաց ձիու տակ։ Բարեբախտաբար անբան կենդանին շուտով ոտքի կանգնեց, այսպիսով ցույց տալով ավելի ջենտլմենություն, քան բանավոր կենդանիները։
|
XXI
Մոսուն զուտ հայաբնակ գյուղ է․ նրա ճակատագիրը նույնն էր, ինչ-որ մյուս բոլոր հայ գյուղերինը։ Կողոպուտ, սպանություններ, բռնաբարումներ, իսկ այժմ միմիայն կողոպուտ, այս անգամ, հարկավ, ոչ քուրդերի կողմից․․․