Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/184

Այս էջը սրբագրված է

նրան․․․ Ո՞վ գիտեէ գուցե շների այդ սոսկալի ոռնոցն ավելի է գուշակում, քան մենք․․․

Մոսունից դուրս եկանք հետևյալ օրն առավոտյան կանուխ և նույն օրն իրիկնադեմին հասանք Իգդիր։ Ճանապարհը գրեթե նույնն էր, ինչ֊որ Դիադինից մինչև Մոսուն, բայց ոչ առանց երեկվա նեղությունների, քանի որ գնում էինք լուսով։

Իգդիրի հայերի շատ խորը թաղված, շատ փոքրիկ և շատ խելոք աչքերը, պղնձագույն (եթե չասեմ սև) դեմքերի վրա, մեզ դիմավորեցին նույն տարակուսանքով, որով ճանապարհ էին դրել։

«Այդ մարդիկ ո՞ւր գնացին, ինչո՞ւ վերադարձան․․․»։

Տեր-Նիկոլն ասաց․

— Ես գնում եմ Թիֆլիս։

Եվ գնաց։

Անցանք էջմիածին, երկու օր հանգստացանք։ Նորից վայելեցի իմ բարեկամ Բաբկենի հյուրասիրությունը։

Գնացինք Երևան, նորընտիր քաղաքագլխին ողջ և առողջ երկու օրով հանձնելով երևանցիներին, ուղևորվեցինք Ալեքսանդրապոլ։

Վերադարձանք Ալեքսանդրապոլ։ Մնում էր ամենագլխավորը։ Դրա մասին նոր պիտի մտածեինք։ Սակայն չար լուրերն արդեն կորցրել էին իրենց սրությունը։ Բանսարկությունները անզոր էին եղել հայ զինվորի հավատարմության և քաջության հռչակը նսեմացնելու, և շատ բանսարկուներ իրենք էին խոստովանել իրենց սխալը։ Այլևս ավելորդ էր մեր միսիան։

Այնուամենայնիվ, իմ ընկերները կամեցան գնալ Սարիղամիշ և այնտեղից դեպի աջակողմյան բանակի առաջին դիրքերը։ Ես համաձայնեցի գնալ։ Ինչո՞ւ չօգտվել դեպքից և չգնալ այն տեղերը, ուր շատ քչերին է թույլ տրվում գնալու։

Անձամբ ես ունեի և մի ուրիշ նպատակ — տեսնել որդուս, որ հրամանատար Բ․-ի շտաբումն էր։

Ուղևորվեցինք Վարս։

— Ի՞նչպես,— ասացին մեզ այդտեղ,— դուք գնում եք դիրքերը դատարկ ձեռքո՞վ։ Այդ անկարելի է, մենք թույլ չենք տա։