Բանն այն է, որ ինչ որ Թիֆլիսում մեզ տվել էին, արդեն բաժանել էինք կամավորներին և ռուս զինվորներին։ Այժմ ոչինչ չունեինք։
Անմիջապես տեղական բյուրոն գնեց կես միլիոն ծխախոտ, 100 տուփ շաքար, 3-4 տուփ թեյ և այլն, մասամբ յուր և մասամբ Թիֆլիսի բյուրոյի հաշվին։ Հ
անդիպեցինք Ռումինիայից եկած կամավորներին, որոնց թիվը երեք թե չորս հարյուր էր։ Ինչ-որ պատճառներով նրանց մեջ երկպառակություն էր ծագել և խումբը բաժանվեք էր երկու կուսակցությունների։ Հայ ազգի օֆիցեր Ջ-ցը աշխատում էր նրանց հաշտեցնել և պատրաստ էր խմբի ղեկավարությունն իր վրա ընդունելու։ Կարծեմ այդպես էլ եղավ։
Դեկտեմբերի տասնմեկն էր, երբ մենք հասանք Սարիղամիշ։
Ճիշտ նախընթաց օրն այն նշանավոր կռվի, որ տևեց մոտ երկու շաբաթ և որ այնքան ճակատագրական եղավ էնվեր փաշայի հանդուգն ավանտյուրայի համար։
Երեք հոգի, որոնց թվում և՝ ես, օթևան գտանք տեղական վաճառական Մատթևոս Տեր֊ Ստեփանյանցի մաքուր բնակարանում։ Մնացյալ մեր ընկերները հյուրընկալվեցին մի ուրիշ վաճառականի մոտ։ Այդ օրը Սարիղամիշը միանգամաըն հանգիստ էր։ Պարզ էր, որ ոչ ոք չէր սպասում, որ շուտով խեղճ ավանը դառնալու է կատաղի կռիվներից մեկի ասպարեզը։ Շուկան ու փողոցները լիքն էին զինվորներով, որոնք անզեն, անգործ պտտում էին դեսուդեն, զրուցելով խաղաղ տեղացիների հետ։
Եկավ տեղական հայ քահանան և նկարագրեց գաղթականների դրությունը։ Շարժումը սկսվել էր ռուս զորքերի Քեփրի֊Քյոլից նահանջելու միջոցին, կեսգիշերին։ Կազակներն ահագին օգնություն էին ցույց տվել կանանց և մանավանդ երեխաներին, տալով նրանց իրենց ձիերը, տաք վերնազգեստները և շատերին կերակրելով։ Մի շարք կազակներ երեք, չորս օր պահել ու կերակրել էին երեխաներին մինչև նրանց ծընողների գտնվելը։
Գաղթականների ընդհանուր թիվն էր այդ ժամանակ ոչ ավելի քան 8000 հոգի։ Սարիղամիշն էր գլխավոր կենտրոնը և այդտեղից էին նրանց ցրում շրջակա գյուղերը։