մարդիկ չպիտի կորցնեն իրենց սառնասրտությունը, ձեռքերը խոթեց վարտիքի գրպանները, փորը դուրս ցցեց և արտասանեց.
— Մեր ճամփորդությունը դառնում է հետաքրքրականն։
Մյուս սենյակից լսվեց Հովհաննես Թումանյանի ձայնը.
— Ափսոս իմ մաուզեր, որ Գարոն խլեց...
Ինչ վերաբերում է Խորեն եպիսկոպոսին, նա երեսը շուռ տվեց պատին, ասելով.
— Գալիս են թուրքերը, թող գան։
Այսպես թե այնպես, ամենքն էլ քաջ էին, բացի ինձնից։
Ես ուղղակի վախենում էի թուրքերից։
Հարցնում եմ՝ հրացան ունե՞ս։
— Ունեմ։
— Բեր այստեղ։
Մաաթևոս Տեր-Ստեփանյանցը, որի ծանրությունը համենայնդեպս ութ փթից պակաս չէր լինի, գնաց և բերեց մի ժանգոտած բերդան։ Հովհաննես Թումանյանը հմուտ զինագետի խորհրդավոր դեմքով զննեց հրացանը, մի քանի անգամ կոթը հենեց ուսին, դեսուդեն նշան գրեց և վերջն ասաց.
— Անպետք բան է։ Ախ իմ մաուզեր...
Ներս մտավ օֆիցեր Ջ-ցը, որ մեզ հետ Սարիղամիշ էր եկել, և ասաց.
— Բարդուսը թուրքերը գրավել են երեկ ցերեկվա ժամը երեքին։ Այստեղից մինչև Բարդուս ընդամենը 25 վերստ է։ Իմ հաշվով թուրքերն այստեղ կլինեն մի քանի ժամից հետո, եթե, իհարկե, խոշոր դիմադրության չհանդիպեն։ Այսպես թե այնպես, ձեր այստեղ մնալը ավելորդ է։ — Իսկ ես կմնամ,— արտասանեց եպիսկոպոսը, որ տակավին պառկած էր։
— Սրբազա՛ն։
― Կմնամ։
Մինչև մենք վիճում էինք, ներս մտավ մի կամաոր մի հսկա մարդու հետ, որ հագած էր կարճ պիջակ և չափազանց լայն վարտիք։
— Թուրքերը ութ վերստի վրա են,— ասաց կամավորը։