Ո՞վ կարող էր ասել, որ բնության այդ անապական զգեստը շուտով պիտի ներկվի մարդկային արյունով և այդ սքանչելի անտառները պիտի թնդան գնդացիրների որոտից։ Ո՞վ կարող է գուշակել, որ այդ հարուստ ավանը մի քանի օրում պիտի դառնա քսան հազար մարդկային էակների գերեզման.․․
Պատահեցինք Պետական Դումայի անդամ Միքայեյ Պապաջանյանցին մի խումբ բաքվեցիների հետ։ Նրանք գալիս էին Միջինկերտից, ուր գտնվում էր այդ ժամանակվա հրամանատար գեներալ Բ.֊նի շտաբը։ Նրանք ոչինչ չէին լսել թուրքերի արշավանքի մասին։
Երկաթուղու գծի վրա կանգնած էր միայն մի մարդատար գնացք։ Այնտեղ էր գլխավոր հրամանատարի այն ժամանակվա օգնական գեներալ Մ.֊կին։ Օֆիցերները հերթով մտնում էին նրա վագոնը և դուրս գալիս մտազբաղ դեմքով։ Դա միակ նշանն էր, թե սպասվում է ինչ֊որ արտակարգ բան։ Մնացյալը սովորական էր։ Աջ ու ձախ լսվում էր խոսակցություն առօրյա դեպքերի մասին։ Մի խումբ երիտասարդ օֆիցերներ շրջապատել էին մի քանի էլեգանտ տիկինների, որ չգիտեմ ինչպես էր, որ գտնվում էին այդտեղ։ Շատերը օֆիցերներից անբեղ, անմորուս պատանիներ էին։
Կայարանից մի փոքր հեռու մի օֆիցեր զինվորներին փամփուշտ էր բաժանում։ Դա այն դրուժինան էր, որ այն պատմելի հերոսություն ցույց տվեց Սարիղամիշի առաջին պաշտպանության ժամանակ։
Դիմացի լեռան ստորոտում երևաց մի երկայն և սև գիծ, որ վիթխարի վիշապի պես գալարվում էր դեպի ձախ։
— Թուրքե՜րը,— գռչեց, չգիտեմ ով, երևի կատակով։
— Ոչ, մերոնք են։
Դա մի բատալիոն էր, որ գնում էր դեպի Վերին Սարիղամիշ։ Շուտով վիշապը թաքնվեց ձախակողմյան կիրճում։ Դրսում մնաց նրա լայն պոչը։ Դրանց բատալիոնի մթերակիր սայլերն էին, որ մինչև երեկո մնացին միևնույն տեղում։
Ժամի չորսն էր, երբ մերձավոր լեռների հետևից լսվեց ռաջին համազարկը։
Կայարանի հասարակությունը դուրս թափվեց և բոլորի