մակագրություն։ Թեև Ս. Ջալալյանցը և Երզնկյանցը հիացած են այս արձանների գեղեցկությամբ և ոգևորված են խոսում նրանց մասին, բայց, խոստովանում եմ, իմ աչքում նրանք մի տեսակ հակասություն են ներկայացնում տաճարի ճարտարապետական գեղեցկությանը։ Անձամբ ես ուրախ կլինեի, որ նրանք չլինեին տաճարի ճակատին, որովհետև չէի՝ ցանկանա մեր թագավորազն իշխանների ոտները այնքան կարճ և գլուխներն այնքան տափակ երևակայել...
Այսպես թե այնպես, ս. Նշանի տաճարը ավելի քան ինը հարյուր տարի է, որ գոյություն ունե.— դարերի մի պատկառելի հյուսվածք, որը միայն բավական է մեր մեջ հարգանք հարուցանելու դեպի այդ շինությունը։
Տաճարի մուտքն երկու տեղիցն է — մեկը հյուսիսային կողմից՝ կամարակապ սյունազարդ դռներ—միաբանների համար, մյուսը արևմուտքից՝ նույնպես կամարակապ և սյունազարդ դռներ—ժամավորների համար։ Տաճարի երկայնությունը սեղանով հանդերձ ընդամենը 7 սաժեն է, նույնչափ և գուցե մի փոքր պակաս՝ լայնությունը, իսկ բարձրությունը 22 սաժեն։ Այս բավական ընդարձակ, գրեթե քառակուսի որձատաշ քարից կառուցված, շինությունը ունի միայն չորս սյուներ, և այդ սյուները կպած են պատերին այնպես, որ առաջին հայացք աննկատելի են։
Մարդ ակամա զարմանում է, թե ինչպես այս ծանր շինությունը կարողացել է կանգուն մնալ առանց միջին սյուների, գրեթե միմիայն չորս պատերի վրա։ Այնինչ՝ մեր այժմյան տասնյակ երկաթյա գոտիներով ամրացրած փոքրիկ եկեղեցիները մի հարյուր տարի անգամ չեն դիմանում։
Ինչո՞վ բացատրել, որ հազար տարի առաջ ճարտարապետությունն այնքան ինքնավստահ և աներկյուղ է եղել, իսկ այժմ նա այդքան երկչոտ է։ Արդյոք այն ժամանակ այդ արվեստը ավելի՞ զարգացած է եղել, թե՞ մարդիկ արհամարհել են ժամանակի և բնության ավերմունքը և, ապավինելով լոկ իրենց բնական խելքին, կառուցել են այնպիսի շինություններ, որոնց մասին ներկա ճարտարապետությունը մտածել անգամ չի վստահանալ։ Ինչևէ, բնական խելքի՞, թե՞ ճշգրիտ գիտության արգասիք է—չգիտեմ։ Ս. նշանի տաճարը