Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/192

Այս էջը սրբագրված է

ՕՏԱՐ ՎԱՅՐԵՐՈՒՄ

ԴԵՊԻ Կ. ՊՈԼԻՍ

1919 թ. օգոստոսի վերջին օրն էր, երբ իտալական «Ֆերդինանդ» շոգենավը սկսեր դանդաղորեն հեռանալ Բաթումի նավահանգստից։ Մեծ էր նա, գեղեցիկ, մաքուր և մի հինգ հարկանի տան չափ բարձր։ Առաջ նա էլ պատկանել էր ավսարիական Լլոյդին. պատերազմից հետո նրան գրավել էր Իտալիան, որպես հաղթության ավար, ինչպես և բոլոր մյուս նավերը նույն ընկերության։ Բայց գրավել էր նավը և ոչ նրա հոգին։ Նավապետից սկսած մինչև վերջին նավաստին ատում էին Իտալիան, իրենք լինելով ազգով իտալացիներ։

Իրիկնադեմ էր. մեկն այն վերջնամառային պահերից, երբ բնությունը պճնվում է մի առանձին շքեղությամբ, կարծես մոտալուտ աշնան թախիծը մեղմացնելու համար։ Արեգակն իր վերջին ճառագայթները ոսկեզօծ հովհարի ձևով տարածել էր վարդագույն երկնակամարի վրա։ Ծովն անդորր էր. նրա հայելու պես հարթ և լեղակի պես կապույտ մակերեսի վրա մակույկները սահում էին լուռ ու արագ, ինչպես երկչոտ մկներ։

Մանկական երազի չափ հաճելի էր Թիֆլիսի խեղդո կ տոթերից ու թունավոր փոշիներից հետո ագահ թոքերով ծծել ծովային մաքուր, անապական օդը։ Հաճելի էր մանավանդ գիտել ծովի ու երկնքի վառվռուն գույները, որ, ամեն վայրկյան փոխվում էին, ինչպես թատերական բեմի վրա Կարծես