երկու արևելյան թագուհիներ էին, որ, իրարու հետ մրցելով, ձգտում էին դիտողին շլացնել իրենց երփներանգ զգեստերով։
Բայց ի՞նչ հաճույք կարող էր փարատել այն դառը մտքերը, որ տանում էի հետս և որ ճնշում էին սիրտս կապարի ծանրությամբ։ Ո՞ւր էի գնում։ Երկար պիտի տևեր իմ ճամփորդությունը և ի՞նչպես պիտի տևեր։ Տեսնելո՞ւ եմ արդյոք նորեն իմ մերձավորներին ու մտերիմներին։ Եվ այն ընտանի վայրերն ու շրջանները, ուր անցել է գրեթե ամբողջ կյանքս։
Չգիտեի։ Գիտեի միայն, որ փախչում էի այլևս անտանելի դարձած մթնոլորտից, ուր օր-օրի վրա ավելի ու ավելի էի զգում ուղեղիս տկարացումն ու զգացումներիս բթացումը։ Փախչում էի ինքս ինձնից։
Երկու տարի շարունակ ամեն առավոտ նստել էի գրասեղանիս քով, երդվելով անպատճառ սկսել մի որևէ գործ, և ամեն անգամ գրիչն ընկել էր ձեռքիցս և գլուխս անզոր թեքվել կրծքիս։ Ի՞նչ գրել և ո՞ւմ համար գրել մի կիսավեր երկրում, որ սպառնում է հիմնովին ավերվել։ Գրականությա՞մբ կերակրել մի ժողովուրդ, որի ստամոքսն է սնունդ պահանջում։
Ո՛չ, գրողը դեր չունի այստեղ, գոնե առժամանակ։ Նա պետք է լռե, եթե չի կամենում իր կոչմանը դավաճանել, կամ քաղաքականությամբ զբաղվել, եթե կամենում է ատելի դառնալ ինքն իր աչքում։
Սխա՞լ էր այս միտքը։ Թող լինի։ Բայց նա ծծում էր իմ մեջ եռանդս և հեռացնում ինձ գրասեղանից՝ անզորության մաղձը սրտումս։
Եվ ահա մի առավոտ ես որոշեցի այսպես թե այնպես վերջ տալ այս մղձավանջին։ Ճամփորդություն-ահա ինչը գուցե կարողանա ինձ փրկել։ Եվ վճռեցի ճամփորդել։ Կերթամ ուրիշ երկրներ, կայցելեմ անծանոթ վայրեր, կդիտեմ, կուսումնասիրեմ։ Վերջապես, կա հայ գրողի համար մի պարտականություն, որ չեմ կատարել, կկատարեմ, այն է՝ կծանոթանամ հայ ժողովրդի այն ցիրուցան բեկորներին, որ ընդհանուր անունով կոչվում է գաղթականություն։
Բյո՜ւր շնորհակալություններ այն հաստատություններին