Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/194

Այս էջը սրբագրված է

և իմ անձնական բարեկամներին, որոնք նյութապես ու բարոյապես աջակցեցին ինձ ձեռնարկելու ներկա ճամփորդությունը։

***

Շոգենավը մեղմիկ լողում էր, վրդովելով ծովի հանգիստն իր հսկայական մեքենաների խուլ թնդյուններով։

Առաջին կլասի ճամփորդների թիվը մեծ չէր,— մի քանի հույներ, մի քանի իտալացիներ, մի ֆրանսիացի կոմս՝ զվիցերական Կարմիր Խաշի լիազոր, երեք֊չորս անխուսափելի հրեաներ և մի տասնյակ հայեր։

Հայ ուղեկիցներիս մեջ կար մի զույգ, որ մի զարմանալի տաղանդով իսկույն ևեթ շահեց ընդհանուրի համակրանքը։ Մարդ էակը խոսում է ոչ միայն լեզվով, այլև քայլվածքով, ձևերով ու շարժումներով։ Երկուսն էլ տակավին երիտասարդ, երկուսն էլ կուշտ ու ինքնագոհ դեմքով, թեև ոչ տգեղ, բայց գեր ու ճարպոտ։ Նրանք ճեմում էին տախտակամածի վրա փքված հնդկահավերի պես, աջ ու ձախ ձգելով գոռոզ հայացքները։ Եվ երբ անզգուշաբար դիպչում էին մեկին, չէին բարեհաճում պարտավորական «պարդոնը» ասելու։ Նրանց յուրաքանչյուր շարժումն աղաղակում էր․ «Մենք հարուստ ենք, ուրեմն և ձեր ամենքիդ բարձր և ամենքիդ համար անմատչելի»։

Առավոտյան ութ ժամին շոգենավը մոտեցավ Տրապիզոնին և կանգ առավ ափից բավական հեռու։

Գեղեցիկ չէ այդ քաղաքը, բայց նրա անֆիտեատրի ձևով դիրքը, իրարու կռնակին դարսված արկղանման ճերմակ տներն իրանց անթիվ լուսամուտներով՝ ունին մի ինքնուրույն հրապույր։

Մինչ ես երևակայությամբ թափառում էի հայ արյունով ներկված փողոցներն ու տները ոճիրներով հռչակավոր քաղաքի, քովս լսեցի մի մանկան ճիչ։ Նայեցի ետ և տեսա 10— 11 տարեկան մի աղջիկ, որ դողդոջ ձեռներով կառչել էր մի սևազգեստ կնոջ։

— Մի՛ վախենար, Սաթիկ, նրանք չեն համարձակվիլ