Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/196

Այս էջը սրբագրված է

համազգեստով ու սվիններով և խուզարկելու պատրվակով խլում են ամեն ինչ, որ ուներ։

— Մոռացե՛ք, բարեկամս, մոռացե՛ք,— մխիթարում էր հային մի հրեա, որ նրա հետ բարձրացել էր նույն սանդուղքով,— այժմ ո՞ր ազնիվ մարդը չի կողոպտվում։ Այնպես չէ՞, պարոն,— դարձավ նա ինձ, իր փոքրիկ և աշնանային տերևի գույն ունեցող աչքերի աղյուսագույն կոպերը արագ փակելով ու բանալով,— այժմ կողոպտվելը նույնքան սովորական երևույթ է, որքան շուտ հարստանալը։

Եվ անմիջապես պատմեց, թե ինչպես ինքը մի քանի ամսում վաստակել է մի միլիոն ոսկի, ավելացնելով, որ եթե այսօր կողոպտվի, վաղը նորեն կվաստակի։ Եվ հազալով, ծիծաղեց խռպոտ ձայնով ու փռշտաց։

— Սեսիլիա, Սեսիլիա, ես քեզ եմ փնտրում,— ընդհատեց նա հանկարծ իր խոսքը, վազելով մի տիկնոջ մոտ, որ այդ պահին հեռվում զրույց էր անում մի իտալացի սպայի հետ։

Սեսիլիա կոչվածը մի բավական սիրուն էակ էր, սաթի պես աչքերով ու մազերով և սաստիկ վավաշոտ շրթունքներով։

Դեղնագույն աչքերով և կեղտոտ հագնված հրեայի կողակիցն էր։ Իսրայելի միլիոնատեր զավակն իր քնքուշ ամուսնուն տեղավորել էր առաջին կլասում, ինքը ճամփորդում էր երրորդով։ Ի սեր այն զազրելի ախտի, որ կոչվում է խնայողություն և որ աղքատ հոգիների անողոք բռնակալն է։ Բայց հրեան ուներ իր նման մի հայ բարեկամ նույնքան ստրուկ բռնակալին։ Այս մեկն իր հետ տանում էր գույնզգույն ու կեղտոտ թաշկինակի մեջ կես միլիոն ֆրանկի թղթադրամ, որ հանձնել էր պահել ու պահպանելու համար առաջին կլասի, մի ճամփորդի և ինքը ճամփորդում էր երրորդով։

***

Երրորդ առավոտյան ես զարթնեցի սովորականից կանուխ։

Բոսֆորը տակավին հեռու էր, իսկ ես՝ անհամբեր։ Եղանակը մռայլ էր, մաղում էր մանր անձրև, Մոխրագույն